— Ոչ, պարոն,— պատասխանեց Ռաբինովիչը, գլուխը հպարտ բարձրացնելով,— ես հրեա եմ։
— Այդ միևնույն աղբն է։
— Ներեցեք, պարոն, միևնույնը չէ։ Ջհուդներ կան բոլոր ազգերի մեջ, իսկ մենք հրեաներ ենք։ Վերջապես, բավական է, պարոն, հեռացեք, ես իմ տիրոջ պես չեմ կարող տանել ձեր վիրավորանքները։
— Աա՞, ի՞նչ,— գոռաց Ագրինցևը,— չե՞ս կարող տանել։ Ախ, ուրեմն դու հեղափոխական ես։ Ախ դո՛ւ գարշելի, հոտած։
— Պարոն,— չկարողացավ իրեն զսպել Ռաբինովիչը,— գարշելին դուք եք և անարգ հոտը ձեր բերանից է գալիս։ Փորձեցեք շարունակել ձեր հայհոյանքը, և ես ցույց կտամ ձեզ․․․
Այս ասելով, Ռաբինովիչը ձեռը տարավ գրպանը։ Շմուլ Մոզերը բռնեց նրա թևից և տարավ մագազինի խորքը։ Ես կարծում էի, որ Ագրինցևը կհարձակվի նրա վրա և տեղն ու տեղը կխեղդի նրան։ Բայց այդ չպատահեց։ Հետո միայն իմացա, որ այդ մարդկանց խրոխտությունը իրենց քաջությանը չի համապատասխանում։ Նրանք քաջ են միայն խեղճերի համար։ Ռաբինովիչի ատրճանակը սանձահարեց նրա լրբությունը։ Այնուամենայնիվ, վերջին խոսքը նա ասաց, դառնալով ինձ.
— Ես, ինչպես իմ տերության հավատարիմ հպատակ և ուղղափառ քրիստոնյա, պարտքս կհամարեմ հայտնել ում հարկն է։
— Ի՞նչ հայտնել, պարոն,— հարցրեց Շմուլ Մոզերը։
— Այն, որ ձեր այս խոզարանը լիքն է հեղափոխականներով։ Աա՛, անպիտաններ, ուրեմն հայր Վլադիմիրը զուր չի ասում, թե դուք խորշում եք ուղղափառներից։ Դուք «գոյ» եք անվանում մեզ, ձեր թալմուդը մեզ պիղծ է կոչում։ Աա՛, մենք պի՞ղծ ենք։ Եթե պիղծ ենք, ապա ինչի՞ համար եք ձեր պասեքին գողանում մեր երեխաներին, սիրտը ծակում և արյունը քամում, որ ձեր «մացա»-ին խառնեք, աա՞, ասացե՛ք։
Ո՞վ կարող էր այդ խելացնորին համոզել, որ այդ բոլորը զրպարտություն է։ Նա գոռում էր ու պնդում ասածը։ Վերջապես, հարևաններս ազատեցին մեզ նրանից։