Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/10

Այս էջը սրբագրված է

Դուք՝ ամօթապարտ գերեզման փորող
Գարշ դահիճներդ սուրբ ազատութեան.
Ձեր նմանների արիւնը լափող,
Բողբոջ յոյսերի դևեր հոգեհան,
Գուցէ չենք շոյում մեր տանջուած դէմքով
Ձեր նուրբ ջղերը—հոգով քաղցածներ,
Դուք՝ կուշտ մարմիններ:
Չէ՞ որ մեր արեան մի֊մի կաթիլով,
Աղի ու լեղի թափած քրտնքի,
Դառն արցունքների անվերջ հեղեղով,
Մեր բազուկների հուժկու, ժրաջան,
Կոր թիկունքների, հոգու տագնապով,
Մեր գլխին պատրաստ ամեն մի վայրկեան
Չարաբաստ մահուն անլուր սարսափով
Սնունդ էք առնում
Ապրում, իւղ կապում...
Եւ վաստակներիս չնչին փշրանքներ
Դժգոհ շարտում քաղցած ամբոխիս.
Կասես մարդկութեան մենք խորթ զաւակներ —
Դուք վայելչութեան, անարդար կեանքի
Ընտիր ըմբիշտներ,
Հա՜, մենք ենք գալիս —
Դարևոր վշտի զրկանքի բովից,
Հալածանքների, գորշ ստրկութեան
Մոռացուած խաւից—
Կրծքով փշրելու փառքը տիրողին,—
Գահը բռնութեան – ստրուկի շղթան,—
Նոր ուղի հարթել մեր նմաններին,
Արժանի կոչման—հաւասարութեան՝
Այդպէ՜ս ենք գալիս...

9