Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/13

Այս էջը սրբագրված է

ՏՐՏՈՒՆՋ.

Իմ մռմուռ, միշտ անլուռ ցաւերգով
Ա՜յ, անգին, քո հոգին ձանձրացաւ,
Որ անդարդ ու հանդարտ եզերքով
Հեռացար քեզ համար, առանց ցաւ:

Իսկ ես հեզ, փրփրադէզ ծովի մէջ
Պիտ լողամ ու դողամ մինչև լոյս.
Մինչ ծագի նոր այգի - լուսաէջ
Վառ արփին սև ափին արշալոյս:

Լուսաշաղ, յուսաշող ջինջ շողին
Անհառաչ ընդառաջ ես կ'երթամ,
Եւ պսակ ու դրօշակ յաղթողին
Կը հիւսեմ ես վսեմ ու փարթամ:

Դու խղճուկ, կամացուկ յետ կուգաս,
Կը ձգտես դողի պէս ինձ սիրել,
Իմ ոյժից, վրէժից յետ կերթաս՝
Յաղթուած և ատուած անարգել: