Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/24

Այս էջը սրբագրված է

ՅԵ՜Տ ՏԱ՛Ր ՔՈ ԽԱՉԸ...

Անծայր տափարակ... գետինը սառած,
Ձեան կարծըր շերտի հիւրընկալ գրկին
Դէմքը ցաւագար խնամքով ծածկած՝
Լուռ մտորում է վիշտըն անմեկին...
Բքաշունչ քամին վազում սանձարձակ—
Ոռնում է, ճչում... կամ պաղ թևերով
Ծեծկում է գետնին և իւր անգունակ
Հին կսկիծներից երգում է լալով:
Մառախուղը գորշ տձև փեշերի
Ծալքերն երկնքում համարձակ ձգել,
Ծածկել է չքնաղ լուսնի, աստղերի
Լուսաբեր ցոլքն—ազատ, անարգել. .
Եւ ահա հեռուից ինչ որ մութ գծեր
Սևին են տալիս, ճօճում անհաստատ,
Ճօճում, երերում՝ կասես ագռաւներ
Քաղցից շուարած, ծարաւ կամ քնհատ:
Եւ դաշտավայրի սպիտակ կրծքին
Որպէս չորացած վէրքերի սպիներ.—
Այն սև գծերը լուռ և մոլեգին՝
Տագնապ են ազդում, սարսուռ ահաբել...

Ահա կանգ առան․․․ խառնուեցին իրար
Մի խուլ հարուածից տնքաց ու դողաց
Ամայի դաշտը... քամին թևահար
Պինդ փարուեց երկրին, քարացած մնաց:
Եւ մի սոսկալի, խոլ հեկեկանքի
Խեղդած հեծկլտանք տարածուեց դաշտում,
Մի ամօթապարտ, մեղսոտ պատրանքի
Դիւային քրքիջ շշնչաց օդում:

23