Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/44

Այս էջը սրբագրված է

Դուք տօ՜ն էք տօնում խրոխտ թնդացնում
Ուրա՜խ քրքիջով բարձր պատերը,
Որոնց վրայից քաղցած, անխնդում
Ընկաւ թշուառը, փշրեց ոտքերը...
Եւ լապտեր-ջահեր շողում են պայծառ
Ու լոյս տարածում ձեր կուշտ դէմքերին՝
Մինչդեռ խիղճերդ կարծ՜ր է ինչպէս ժայռ—
Մշտական խաւար՝ սրտերիդ բաժին:
Հանգցէ՜ք ջահերը...

Եւ թո՛ղ շարէշար ձեր ճոխ սեղանի
Շուրջը հաւաքուեն քաղցած ու տըկլոր
Անտէր որբերը այն թշուառների՝
Որոնց դուք թողիք առանց հօր ու մօր:
Եւ թող շարէշար գծուծ, ոտաբաց
Շէմքերդ լիզող հաւաքուեն մայրեր,
Որ փողոց ընկան մուրալու չոր հաց
Ու ձեր պալատում փնտրեն շիրիմներ
Այն բանուորների—ում կեանքի գնով
Երկինք բարձրացան շքեղ տներիդ
Բարձր պատերը ճարտար քանդակով
Վարդակ լինելու փարթամ կեանքերիդ:
Եւ թո՛ղ շարէշար, արնոտ, ուշաքաղ
Յօշոտուած մարդկանց սև ուրւականներ
Խոնաւ փոսերում թողած չոր դագաղ՝
Ձեզ այցի ելնեն տեսքով մահաբեր...
Ձեզ հետ տօ՜ն տօնեն ու զարճանան
Այլանդակ կեանքի վայրագ քրքիջով։

43