Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/53

Այս էջը սրբագրված է

ՏԱ՜Ր ԻՆՁ, ՄԵԾ ՀՈՍԱՆՔ...

Ինչպէ՞ս, ո՞ւր փախչել—որ աչքիս առաջ
Չգան ու շարուին արիւնոտ զոհեր.
Որ գիշեր-ցերեկ չլսեմ հառաչ՝
Սովի ու վշտի մորմոք գուժաբեր:
Որ շուրջս տիրող անարդարութեան
Ոյժըն անպատիժ սիրտս վիրաւոր՝
Չմաշէ անվերջ ցաւը հոգեհան
Չփըշաքաղէ մարմինս ամեն օր:
Ինչպէս մոռացուել, չզգալ, չարտասուել,
Դաղուած աչերիս տալ մի քիչ դադար.
Ուսկից ոյժ գտնել–—և չկարեկցել
Նմանիս լքման, տանջանքին–անճար:
Բայց արժէ փախչել—պահուել երկունքի
Ըմբոստ վայրկեանին, տարերքի ահեղ,
Տապ բռնկումին. մեծ աւետիքի
Չլսել շռինդ—կռուի փառահեղ:
Ընկճումը—կորչի՜... թո՛ղ լինի այնպէս—
Ինչ պիտի՛ լինի... տա՜ր ինձ, մեծ հոսանք —
Գանգս—ջախջախիր. քո փրփըրադէզ
Գոռ ալիքներով՝ կուլ տուր և իմ կեանք:
Խփի՛ր, շփրտի՛ր վշտի ժայռերին
Կուրծքս—քրքրէ՛... թող իմ արիւնն էլ,
Արցունքս, հառաչ, ձուլուին, խառնուին՝
Թափ տան հոսանքիդ––թող մեռնիմ ջահէլ...
Տա՜ր ինձ... ցաւերի խարոյկ րովի մէջ
Թող եռայ հոգիս. էլ մէկիկ մէկիկ
Չծխայ սրտիս մրուրն անշէջ
Տար—ուր լափւում են՝ իդէալը, մարդիկ:

52