Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/8

Այս էջը սրբագրված է

ԲԼԲՈՒԼԻՆ.

Արի՛, բլբուլ, մէկ տեղ նստենք,
Ձէն-ձէնի տանք ու երգենք.
Էս օրուանից դառնանք աղբէր,
Իրար խառնենք մեր ցաւեր:

Անցա՜ւ գարուն, աշուն կուգայ,
Շատ հեռու չէ և ձմեռ,
Լաց, աղբէր ջան, էլ վարդ չկայ,
Թու՜փը մնաց կիսամեռ:

Երգենք, աղբէր, ցա՜ւը երգենք՝
Դու քո մեռած ալ վարդի,
Երգե՜նք, աղբէր, ցա՜ւը երգենք—
Ես՝ իմ աւեր վաթանի...

Անցա՜ւ դարուն, արնո՜տ գարուն.
Մօտ է աշուն, ցուրտ ձմեռ,
Ա՜խ, աղբէրս մնաց անտուն,
Քոյրս քաղցից կիսամեռ...

Արի՛, բլբուլ, ցաւը երգենք
Վարդի, աւեր վաթանի,
Արի, աղբէր, իրար խառնենք
Մռմո՜ւռ ցաւը մեր սրտի...