Ռազմաճակատի գիծը, սակայն, կայունանալու էր երկու ամիս անց, ապա և սկսվելու էր հոգեբանական բեկումը Մաճկալաշենի մոտ թշնամու ետ շպրտմամբ, ու կորուստների շղթային հաջորդելու էին հաղթական առաջին համազարկերը՝ Մարտունի շրջկենտրոնը կրակային օղակի մեջ առած երեք կրակակետերի ոչնչացմամբ և Արցախի աղդամյան Աբդալ-Գյուլափլու կույրաղիքի կտրմամբ։ Մարտակերտի շրջանից մնացած վերջին՝ Առաջաձոր-Կիչան հատվածից էլ 1993 թ. փետրվարից սկսվելու էր ԼՂՀ պաշտպանության բանակի այն հակահարձակումը, որն 1993-ի ամռանը ավարտվելու էր մի կողմից Մարտակերտ շրջկենտրոն հասնելով և մյուս կողմից՝ Մայր Արաքսի արտասուքը սրբելով։ 1993 թ. դեկտեմբերին և 1994-ի հունվարին վերստին մի պահ երերաց ռազմաճակատի գիծը, սակայն պատասխան հակահարձակմամբ այդ գիծը անցավ Թարթառը՝ 1994 թ. մայիսին հասնելով Ինջա գետին և Հյուսիսային Արցախի մատույցներին՝ Գյուլիստանի մոտից մինչև Թալիշ, ապա և հաստատվեց տասնամյա այն զինադադարը, որը շարունակվում է մինչև այսօր։
Զինադադարի հաստատումից հետո Հայաստանից լուրեր իմանալու և այնքան ձգող խաղաղ կյանքի սրտամաշ կարոտը ցրելու համար մարտկոցներով աշխատող մի քանի ռադիոընդունիչներ էինք ճարել օրվա լուրերը լսելու համար։ Լեռնային իշխող բարձունքներում, հուրախություն մեզ, պարզվեց, որ լսելի է նաև Երևանը։ Հայկական ռադիոյի հաղորդումները ավարտվում էին ժամը 12-ին՝ «Մեր Հայրենիքի» հնչյուններով։
Որպես հիմն՝ այն երբեմն քննադատվում է կատարողական առումով ոչ այնքան բարդ ստեղծագործություն լինելու համար, բայց դիրքերում դիմացից լուսնի լույսի ներքո ծխախոտի մի կայծ կամ զինական հանդերձանքի մետաղյա մի փայլ որոնող սնայպերի նշանառու կրակի սպառնալիքի ներքո զգում էիր, որ ճակատագրով մեզ վիճակված այս հայրենիքում որպես հիմն ապրեցնողն ու գնդի դրոշից մինչև հայրենիքի դրոշը բարձր պահողը «Մեր Հայրենիքն» է։ Անկախ պետական օրենքով կանոնակարգված այն պահանջից,