համեմատության համար սովորաբար ընտրում են գրական ընդհանրացված հասկացություններ։
Պայմանավորված այն հանգամանքով, որ մեր պետականությունը մնացել էր դարերի խորքում և հայ գրականությունը հայկական կյանքից չէր կարող այս թեմային վերաբերող բնորոշ որևէ օրինակ վերցնել, մեր գրականությունում հայրենիքի ազատության համար մարտնչած և այնուհետև անկախացած հայրենիքի կողմից անտեսված հերոսի թերևս միակ խորհրդանիշը Ավետիք Իսահակյանի «Գարիբալդիականը» պատմվածքի հերոսը՝ իտալացի ծերունի Ջիովանին է։ Նա, ով երիտասարդական տարիներին հաղթական մարտերով անցնելով Լոմբարդիայի ծաղկավետ դաշտերով, այնուհետև իր երազած Իտալիայում հողին էր հանձնելու բանվորական ցույցի ժամանակ գնդակահարված որդուն և վշտից ու թոքախտից մահացած հարսին, ապա թոռանը գրկած և սրտի վրա կրելով Ջուզեպպե Գարիբալդիի նկարը՝ գլխիկոր անցնելու էր նույն Լոմբարդիայի դաշտերով դեպ օտարություն, որքան հնարավոր է՝ հեռու Իտալիայից, և հեռավոր Օդեսայում, դառնալով կոշկակար, «հոգին շքեղ երազների մեջ՝ գրկել էր և ամուր սեղմել մանր ու չնչին մարդկանց կոշիկները իր հերոսական սրտի վրա»։
Այս պատմվածքը մարգարեական մի կանխատեսությամբ Վարպետն, ասես, գրել էր մեր օրերի համար։ Նույն այս պատմվածքը, սակայն, նաև մեկ անգամ ևս սովորեցնում է, որ հայրենիքի զինվորի ամենամեծ հպարտությունը և հարստությունը հայրենիքի նվաճված ազատությունն է։
Ուշադի՛ր նայեք Արցախյան պատերազմի մասնակից մերօրյա բոլոր գարիբալդիականների աչքերին, և անկախ նրանից, թե որտեղ և ինչ վիճակում նրանք կլինեն՝ դուք նրանց հայացքի խորքում կգտնեք վերևից տեղացող գնդացրային կրակի ներքո բարձունքները գրավելիս և հրետանային հարվածներից ակոսվող բաց դաշտերում առաջ շարժվելով հակառակորդի խրամատները թռչելիս նվաճված այն հպարտությունը և հարստությունը, որը հնարավոր չէ ձեռք բերել որևէ կարողությամբ, դիրքով ու աստիճանով։