Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/120

Այս էջը հաստատված է

ԱՐՑԱԽՅԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ


Նոյեմբերի քսանի վթարի օրը մառախլապատ էր ոչ միայն Մարտունու, այլ նաև Մարտակերտի և Շահումյանի շրջաններում։ Ամպերի քուլաներով էին լցվել հովիտ ու լեռնանցք, տեսանելիությունը վատ էր անգամ մեքենա վարելու համար։ Նույնն էր և նախորդ օրերին, որի պատճառով մոտ մեկ շաբաթ թռիչքները Շահումյանի շրջան դադարել էին։ Մառախլապատության բարձրակետը դարձավ պատահարի օրը, իսկ երեկոյան երկինքն սկսեց պարզվել, և պայծառ ու ջինջ առավոտը բացվեց Հյուսիսային Արցախի վրա, ու ամպերից ազատված Մռավի ձյունապատ գագաթը սպիտակ թագի նման սկսեց շողշողալ արցախյան երկնակամարում։ Բնությունը թոթափեց նախորդ օրերի մռայլությունը, բայց մտահոգությունն առավել կուտակվեց մարդկային հոգիներում, որովհետև աղետի մասին հաղորդումից անմիջապես հետո սկսվել էր Շահումյանը Մարտակերտին կապող Կարաչինար գյուղի ռմբակոծումը։ Գիշերը, երբ Մարտակերտից հասանք այստեղ, գյուղի շրջակայքում դեռևս պայթում էին արկերը։ Առավոտյան էլ պարզ դարձավ, որ սպասվում է հերթական հարվածը, և սկսեցին ձեռք առնվել համապատասխան միջոցներ՝ այն ետ մղելու և կրակի գոտում բնակչության կյանքն ապահովելու համար։

Տեսնելով, թե ինչպես է շրջանը պատրաստվում պաշտպանության, հիշում ես, թե նախորդ տարիներին, երբ յուրաքանչյուր կրակոցը խուճապի ալիք էր բարձրացնում և սկսվում էր բաց նամակների հոսքը, նոր ես հասկանում, թե որքան է փոխվել արցախահայությունը, թոթափել բոլոր պատրանքները և հասկացել, որ գնդակին գնդակով են պատասխանում և մինչև չլսեն քո արձակած գնդակի ձայնը՝ գրածդ նամակը կարդացող ու հաշվի առնող չի լինի։