Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/153

Այս էջը հաստատված է

հարցը՝ ճակատագրական երկընտրանքի առջև կանգնեցնելով Հայաստանին։

Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե ռուսները, միևնույն է, հեռանալու են Կովկասից, ավելի շատ ենթադրություն է՝ հիմնված մի քանի խաբուսիկ հայտարարությունների վրա։ Բայց եթե անգամ ռուսները հեռանում էլ են Կովկասից, այդ հեռանալուց առավել էական է, թե ինչպես և ինչ դիրքորոշմամբ են հեռանում։ 1917 թ. նրանք հեռանալով մեզ թողեցին իրենց բոլոր զինապահեստները, իսկ 1918-20 թթ., երբ Մոսկվան կտրված էր անգամ բուն ռուսական շատ նահանգներից, նա դարձյալ կարողանում էր Կովկասում վարել ակտիվ քաղաքականություն և անդրկովկասյան երեք հանրապետությունների ու Թուրքիայի հանդեպ իր դիրքորոշմամբ մեծապես ազդում դեպքերի ընթացքի վրա, որը, դժբախտաբար, ճակատագրական եղավ մեզ համար։

Նույն վիճակն է նաև այսօր։ Զորքը կարող է հեռանալ այնպես, որ նույնիսկ առանց իր միջամտության հետ գրավվի Բերդաձորը, կամ էլ այնպես, որ տեղահանվի Շահումյանը։

Մենք շարունակ պետք է հիշենք, որ Ադրբեջանն ունի իր բնական դաշնակիցը՝ Թուրքիան, և նրանք երկուսով պարզապես կճզմեն Արցախը, եթե մենք չապավինենք Ռուսաստանին։ Արցախի փրկության այլ ելք չկա ու չի կարող լինել։

Իհարկե, կարող է ստեղծվել այնպիսի տարբերակ, երբ Հայաստանը, եթե ցանկանա էլ մտնել նոր ստեղծվելիք միության մեջ, չկարողանա՝ Ռուսաստանից կտրված լինելու պատճառով։ Բայց դա ապագայի խնդիր է։ Քաղաքական բոլոր ճգնաժամերից բազմաձև գունավորումներով միշտ էլ օգտվել է Ադրբեջանը։ Հիմա մեզ բարենպաստ հնարավորություն է տրված քաղաքական նոր իրավիճակից օգտվելու և Արցախի ամրացմանը նպատակամիտված կարևորագույն ընթացիկ հարցեր լուծելու, և մենք իրավունք չունենք կորցնելու թանկ ժամանակը։ Հարկավոր է հստակության. Արցախը զոհում ենք Բաքվի ու Անկարայի կողմից ճանաչվելո՞ւ համար, թե՞ հանուն Արցախի միանալու ենք նոր ստեղծվելիք միությանը: