Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/191

Այս էջը հաստատված է

անգամ կարողացել է մտնել, այստեղ անգամ մի քանի կիլոմետր չեն կարողացել մոտենալ գյուղի մատույցներին, սակայն մինչև երեսուն կիլոմետր հարվածող «Գրադ» կայանքից արկերը ավերում են գյուղի բարձրադիր մասը։ Հակառակորդը դիրքերից առավել տներին է հարվածում՝ քաջ գիտակցելով՝ որևէ բնակավայրի պաշտպանության կարևորագույն երաշխիքը վերջինիս կենդանությունն է։

Ընդհանրապես արցախյան պատերազմի յուրահատկությունն այն է, որ մարտական գործողություններն ավելի շատ ուղղված են բնակչության ու բնակավայրերի դեմ, որովհետև նպատակը «ծայրահեղականներին պատմելն ու Ադրբեջանի սահմանադրության հաստատումը» չէ, ինչպես իրենք էին ճգնում ներկայացնել, այլ արցախահայության տեղահանությունը։ Այս պատճառով էլ ընտրվել է հեռահար հրետակոծության գործելակերպը՝ հնարավորին չափ շատ ավերել, որպեսզի խաղաղության հաստատումից հետո էլ բնակչությունը հարկադրված լինի թողնել երկրամասը։ Եթե մեկ տարի առաջ խորհրդային բանակի աջակցությամբ տեղահանելով Շահումյանի շրջանի երեք գյուղերը՝ դրանք իսկույն բնակեցրին ադրբեջանցիներով, ապա այժմ եթե հաջողվում է մտնել որևէ գյուղ, իսկույն այն այրում են՝ քաջ գիտակցելով, որ չեն կարող պահել։ Ադրբեջանի քաղաքականությունն է՝ կտոր-կտոր վառել Արցախը։ Քանի որ արցախահայությունը ամուր է կառչած իր հողին, բարեբախտաբար, այս գործելակերպն էլ իրենց ակնկալած արդյունքը չի տալիս։ Ավելին, այժմ ձեռնարկվող տարբեր կրակակետերի լռեցման գործողությունները նպաստում են մի քանի հատվածներում անվտանգության գոտիների ստեղծմանը։

Այգեստանին հաջորդում է Թալիշը, որը մինչև այս դեպքերը Արցախի ամենահարուստ գյուղերից էր, իսկ հիմա ցորենի արտերը կրակի տակ են։ Գյուղն ունի նաև անասնապահական խոշոր համալիր։ Կաթի սղության պատճառով գլխաքանակը չեն ցանկանում կրճատել և մի կերպ պահում են։

Թալիշը շարունակ ենթարկվում է թե՛ հրետակոծության, թե՛ զրահատեխնիկայի ու հետևակի հարձակմանը, որովհետև ունի