թե ինչ տրամաբանությամբ են ընթացել վերջին այս չորս տարիների տեղահանությունները՝ Սումգայիթից սկսած։ Տեղի հայությունը ավելի շատ դարձավ քայքայվող կայսրության ընդերքում ընթացող խարդավանքների, քան արցախյան հակամարտության զոհը, և ջարդերն ու դրանց հաջորդած փրկությունն էլ տեղի ունեցան քաղաքական համապատասխան սցենարով։ 1988 թ. Բաքվից ու պատմական Արցախի տարբեր շրջաններից կատարված տեղահանությունն էլ դարձյալ տեղի չէր ունենում սոսկ էթնիկական հստակ սահմանագծումներ չունեցող այսրկովկասյան մի տարածքում, այլ խորհրդային կայսրությունում, և ցանկացած ջարդ ու հրկիզում երկու ժողովուրդներից առավել վտանգում էր այդ կայսրության վարկը։ 1988 թ. դեկտեմբերյան դեպքերից հետո Հայաստանի ու Ադրբեջանի էթնիկական միատարրացումը ընթացավ ոչ թե երկու ժողովուրդների մղած պայքարով, այլ Մոսկվայի գծած սահմաններով։
Շահումյանում ԼՂԻՄ–ի զինվորական պարետության իրավասությունների տարածմամբ, փաստորեն, առանց որևէ վարչատարածքային փոփոխության, շրջանը միացվեց մարզին, իսկ պատմությունից Հայոց արևելյան կողմանք անվանմամբ հայտնի մնացած ողջ տարածքը, բացառությամբ Գետաշենի, հայաթափվեց։ Վերջինս չընկավ ոչ միայն տեղի ժողովրդի հերոսականության շնորհիվ, այլև տեղահանության սահմանները գծողների գիտությամբ։
Գետաշենի պահպանության պատճառը մի քանի եկեղեցիներով, ինքնօրինակ խաչքարերով և ընդօրինակված գեղեցիկ ձեռագրերով հինավուրց գյուղ լինելը չէր, այլ Արցախի համար ունեցած ռազմաքաղաքական կարևորությունը։ Միաժամանակ Մեղրիում էլ պահպանվեց ադրբեջանաբնակ Նյուվադին։ Այս երկու գյուղերը անհրաժեշտ էին իբրև լարվածության օջախներ։ Գետաշենը՝ որպես պատվար Շահումյանի շրջանին, իսկ Նյուվադին՝ վերից իշխող մի սպառնալիք մեր հանրապետությանը՝ Մեղրիով Իրանին կապվելու ճանապարհին։ Կայսրության փլուզման նախօրեին Արցախի կողքին ավելորդ դարձան լարվածության այդ երկու մանրակերտերը, և Ադրբեջանին զոհաբերվեց Գետաշենը։ Ամենազոր