մեկ կարևոր գործոն՝ հնարավորին չափ խուսափել մարդկանց մեծ շինություններում հավաքելուց. ամեն րոպե որևէ արկ կարող է պայթել։
Հադրութը ներքին տնտեսական կյանքի համեմատական կայունությամբ և կանոնավորությամբ շատ է պարտական շրջխորհրդի նախագահ Գրիշա Հայրապետյանին։ Այս երիտասարդը համընդհանուր սեր և հարգանք է վայելում շրջանում։ Ցուրտ ձմեռ է, բայց նախագահի սենյակում վառարան և պատուհան չկա։ Ընդհանուր զբաղվածության և հոգսերի մեջ՝ չկորսված մեղմ հումորով ասում է. «Այսպես կրկնակի լավ է. ցրտի շնորհիվ թարմ եմ մնում, եթե պատուհան լիներ, ապա մոտակայքում պայթած յուրաքանչյուր արկից հետո անհանգստացած ներքև էի նայելու՝ արդյոք փշրված ապակու կտորները ներքևում որևէ մեկի գլխին չեն թափվել»։ Ապա մեկեն լրջանալով ասում է. մարդիկ անասելի վատ են ապրում, գործկոմի բոլոր սենյակներում հնարավոր չէ վառարան տեղադրելը, իսկ եթե որևէ մեկի սենյակում չկա, ինքը բարոյական իրավունք չունի տեղադրել։ Հետո դարձյալ կատակում է. ցուրտը նպաստում է, որ հաճախ գնա մյուսների սենյակները, բաժինների հետ կապը այժմ ավելի կենդանի է։
Հադրութը առավել ևս, քան մյուս շրջկենտրոնները, կտրված է Ստեփանակերտից ու մնացյալ աշխարհից։ Թերթերը Արցախ չեն առաքվում, իսկ Հադրութ գրեթե չեն հասնում։ Էլեկտրաէներգիայի բացակայությունն էլ գրեթե լիակատար է դարձնում լրատվական շրջափակումը։ Գյուղերում առանձին մարդիկ, ովքեր մարտկոց ունեն, ամեն օր հաղորդվող լուրերը սղագրում են և հաջորդ առավոտյան կարդում՝ արցախյան բարբառի շեշտն ու կնիքը հաղորդելով համաշխարհային իրադարձություններին։ Նորություններն իմանալու համար հավաքված մարդկանց թիվը սովորաբար գերակշռում է հացի հերթերին։ Նույն կերպ էլ որևէ լուր ծանուցելու համար գրամեքենայով բազմաթիվ օրինակներով բազմացնում, փակցնում են բանուկ վայրերում և բաժանում տեղեկությունները հաղորդող մարդկանց։ Փետրվարի 12-ին արցախյան պոռթկման 5-րդ տարելիցի առթիվ շրջանի ժողովրդին շնորհավորական