խորհուրդ էլ ունի. դարերի ընթացքում այստեղ շատ «տերեր» են հայտնվել, բայց հողը երբեք չի հանդուրժել անգամ որևէ ժամանակավոր «տիրոջ»։
Երրորդ վճռորոշ գործոնն էլ, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, եղել է այն հանգամանքը, որ քաղաքը դարձել էր Արցախի դեմ ուղղված ադրբեջանական զինված ուժերի հարվածային մի բռունցք և վերածվել ռազմական բազաների ու զորանոցների խիտ ցանցի, ինչի շնորհիվ քաղաքը չէին վնասել, իսկ վերջին պահին էլ արդեն նրանց հոգսը դարձել էր ոչ թե այն այրելը, այլ փախչելով փրկվելը։
Շրջկենտրոն հասած զինվորները ներքին մի կարոտով ու վախով էին շտապում տեսնել իրենց հայրենի տները՝ զգուշությամբ շրջանցելով հնարավոր ականապատված կետերը։ Աննկարագրելի է մեկ տարվա խզումից հետո վերստին իր տան շեմին հասնող և ներս մտնելուց առաջ ականի ձգվող դարանկալ քուղը որոնող մարդու հուզմունքը։ Խեղդող հուզմունքին այնուհետև հաջորդում էր վերաբնակարանամուտը։ Տեղի բակերում կրակ էին վառում՝ իրենց հետ բերած հացը տաքացնելու և թեյ պատրաստելու համար։ Սեղաններ, ավելի ճիշտ՝ բակերում գետնին փռված ծածկոցներ կային, որոնք ավելի ճոխ էին հետևյալ պատճառով։ Մարտակերտի գաղթը այնպես հապճեպ եղավ, որ շատերը չհասցրեցին փոխադրել իրենց ունեցվածքը և իրենց տնական այնքան հռչակավոր օղին ու կարմիր գինին մեծ տարաներով թաղեցին հողի մեջ այնպիսի մի զարմանալի վարպետությամբ, որ ադրբեջանցիները, իմանալով հանդերձ այդ մասին, չէին կարողացել գտնել։ Տեսնելով այդ վարպետությունը՝ թե՛ զարմանում ես և թե՛ ցավով լցվում, որովհետև գաղթելու դարավոր դառը ավանդույթը, բայց և միաժամանակ իր ավերված օջախը վերստին շենացնելու հավատն ունեցող ժողովուրդը միայն կարող էր իրեն պահող հողին ի պահ տալ իր ստեղծած բարիքները։
Նախորդ օրերի ընդհանուր լարումից և հուզումներից հետո, երբ բացվեց հունիսի 29-ի առավոտը, ազատագրված քաղաքը մեկեն հառնեց իր ողջ գեղեցկությամբ։ Տների բակերը ասես դրախտի