Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/361

Այս էջը հաստատված է
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ


Խաղաղության կարճատև պահերին կամ էլ զինադադարից հետո պատերազմը ոչ միայն արձագանքում է զոհված ունեցողների հոգիներում և գնդակի ու բեկորի ցավն իրենց մեջ կրող վիրավորների քայլվածքում, այլև շարունակում որոտալ ազատագրված տարածքներում՝ ճանապարհներին, անտառային կածաններում և հերկվող դաշտերում, երբ մարդու ու տեխնիկայի առջև դարանակալ մահվան նման պայթյունով բացվում է հողը՝ նվաճած հաղթանակն ու խաղաղությունը վերածելով ստորգետնյա ականային պատերազմի։

Վառոդի գյուտից հետո մարդկային միտքը, չբավարարվելով միայն դիմահար կրակոցով խոցելուց, հրետանու կիրառմամբ աստիճանաբար ընդլայնեց պատճառվող մահվան շառավիղը, սակայն դեպի կյանք ընթացող մահը ասես քիչ էր, և հարկավոր էր, որ կյանքն էլ ընկներ մահվան ծուղակը, և ստեղծվեցին ականները, որոնք ոչ թե շրջում են աշխարհում, այլ օրերով, ամիսներով ու անգամ տարիներով սպասում են եկող զոհերին։

Մարտակերտի ազատագրված տարածքն էլ առաջ շարժվող զինվորի ու վերադարձող փախստականի առջև եթե բացվում է հակառակորդի ավերված դիրքերով, այրված զրահատեխնիկայով, պայթած այլազան արկերի սևացած բեկորներով, ապա իր խորքերում էլ, որպես շաղ եկած թշնամական հատիկներ, կրում է զսպանակված մահվան այս թակարդները, որոնց վնասազերծմամբ են օր ու գիշեր զբաղված սակրավորները։ Նրանց մասին քիչ է գրվում և խոսվում, թեև զինվորները հերոսանում են հենց նրանց բացած ճանապարհներին։