թե պարտված բանակի զինվորների, այլ առաջիկա մարտերին ընդառաջ գնացող մի ամբողջ զորաջոկատ։ Չնայած օրվա լարվածությանն ու հոգնությանը՝ Ջիվանը քայլում էր հպարտ ու ձիգ։ Իր զինակիցների հետ նա պատրաստվում էր հերթական մարտին, որը վերջինը դարձավ նրա համար...
Դեռևս գիշերը նա ընկերների հետ սկսեց դիրքավորվել Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն։ Շամփրապտուկ նշանակում է շամփուրի պտուկ՝ շամփուրի սուր ծայրը։ Այսինքն՝ շրջակա բլուրների միջից այդ բարձունքը վեր էր ցցվել շամփուրի սուր ծայրի նման, իսկ ներքևում փռված էր գյուղը։ Նպատակ ունենալով գրավել բարձունքը՝ թշնամին հարձակման անցավ։ Զուտ ռազմագիտական տեսանկյունից անիմաստ էր մարտն ընդունելը, քանի որ այդ պահին վճռորոշը ոչ թե մարտական վարպետությունն էր, խիզախությունը և անձնուրացությունը, այլ հակառակորդի ունեցած զինական տեխնիկայի բացարձակ գերազանցությունը։ Չնայած այս իրողությանը՝ 1991 թ. հուլիսի 20-ին Ջիվան Աբրահամյանը, Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի հետ, ընդունեց իրենց կյանքի վերջին մարտը...
Գործնական մոտեցում ցուցաբերելու և ուժերը առաջիկա մարտերի համար պահելու փոխարեն նման գիտակցված նահատակության գնացին Ջիվանը և իր ընկերները, որովհետև ամոթալի համարեցին առանց կռվի երկրի խորքը տանող ճանապարհը թշնամու առջև բացելը։ Խորհրդային երբեմնի հզոր կայսրության 1991 թ. ամառային հոգեվարքի այդ օրերին, երբ Մոսկվայում ընդունվող քաղաքական որոշումներին զուգահեռ, դրանից ավելի վճռորոշ դեր էր խաղում Ադրբեջանում տեղակայված խորհրդային բանակի զորամասերը կաշառքով արցախահայության դեմ հանելը, Ջիվանը և իր ընկերները զինական այս ընդվզումով ցույց տվեցին, որ խոստացված վճարով հայկական գյուղերի տեղահանությանը մասնակից լինելը չի կարելի շփոթել հատուկենտ կրակոցների, անվտանգ զորախաղերի հետ, և իրենց կյանքի գնով հավաստեցին այս իրողությունը...
ԱՎԵՏԱԲԵՐՆԵՐԸ (Դիմանկարների ժողովածու),
«Հայ զինվոր», 1997 թ.