Ծանր այդ օրերին, երբ թշնամին շարունակ առաջ շարժվելով արդեն գրեթե հասել էր Խաչենագետ և Գանձասար, Նորիկ Դանիելյանը հիվանդանոցում իմանում է, որ իրեն նշանակել են Մարտակերտի գնդի հրամանատար։ 1992 թ. նոյեմբերին, երբ նրան վստահվեց շրջանի պաշտպանությունը, բավական էր, որ Կիչանի հատվածում հակառակորդը կարողանար ճեղքել պաշտպանությունը և գոնե մի քանի կիլոմետրով առաջ շարժվել, ապա թե՛ Գանձասարին կտիրանար, թե՛ դուրս կգար դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Հետևակի և տեխնիկայի անասելի գերակշռություն ունեցող ադրբեջանական բանակը, որ չկարողացավ առաջ շարժվել, մեծապես պարտական ենք նաև դեռևս չսպիացած վերքերի ցավը խեղդելով ռազմաճակատի ողջ երկայնքով պաշտպանությունն անձամբ ղեկավարող Նորիկին։ Ինքը, սակայն, ասում էր, թե վերքերի ցավից առավել կսկծալին ծննդավայրի և մնացյալ Մարտակերտի կորստյան ցավն է։
Նա անբեկանելի մի հավատ ուներ, թե կվերականգնվի ԼՂՀ ամբողջական սահմանը։ Հաթերքից և Քելբաջարից հետո իր հոգնած, սակայն հավատավոր ժպիտով ասաց, թե տեսնու՞մ ես՝ մեր ու մեր պապերի սահմանը միանգամից ենք վերականգնում։
Մտավորական զինվորի նրա նկարագիրն ամբողջացնող բազմաթիվ դրվագներ հիշելը հեշտ է, դժվարը նրա մասին արդեն անցյալ ժամանակով խոսելն է։ Թե՛ դժվար, թե՛ դաժան ու անհեթեթ է ոչ միայն այն պատճառով, որ նա ընդամենը մի տասը օր առաջ Աղդամին սահմանակից դիրքերում քեզ հետ խոսելիս փորձում էր հայոց պատմության ընդհանուր շղթայում իմաստավորել վերջին ամիսների հաղթանակների կարևորությունը, այլև գլխավորաբար այն պատճառով, որ դիմանալով բանտային տանջանքներին, ստացած վերքերին, անցնելով մարտական գործողությունների թոհուբոհով՝ դառնալով անխոցելի մի սարսափ հակառակորդի համար, օրերս ընկնելու էր... տմարդի ձեռքով արձակված դավադիր գնդակից։ Ներքին մի վախով մտածում ես. մի՞թե մենք անբուժելիորեն տառապում ենք հին ցավով՝ կռվում հաղթել թշնամուն և ապա պարտվել ինքներս մեզ...