Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/57

Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՐՕՐՅԱ ԳԱՐԻԲԱԼԴԻԱԿԱՆՆԵՐԸ


Ո՞վ գիտե, ուր է նա հիմա, արդյոք նորից՝ հոգին
շքեղ երազների մեջ՝ գրկել է և ամուր սեղմել մանր
ու չնչին մարդկանց կոշիկները իր առնացի,
հերոսական սրտի վրա և համբերությամբ կարկատում՝
իր վերջին պարտքը կատարելով թոռնիկի հանդեպ,
թե գոյության կռվի դաժան ալիքները, որ այնպես
զորեղ են աղքատներին փշրելու, որ այնպես գռեհիկ
են դեպի մեծություններն ու գեղեցկությունները,
վերջնականապես խորտակել են այդ չքնաղ բեկորը
և հողերին հավասարեցրել ու որբուկին թողել
ապերախտ հայրենիքից դուրս, նյութապաշտ
մարդկանց մեջ՝ խեղճ ու անօգնական...

Պատերազմների մասնակիցները պատերազմների ավարտից հետո միջազգային ընդհանրացված անվանմամբ կոչվում են «պատերազմի վետերաններ»։

Անկախությանը նախորդող շրջանի խորհրդային իրականությունում կար վետերանների երեք բնորոշում՝ Հայրենական մեծ պատերազմի, Վիետնամական պատերազմի և Աֆղանական պատերազմի։

Արցախյան շարժմանը հաջորդած պատերազմը ընդունված ռազմական հասկացությունների փոխարեն գրականացված հերոսական բնորոշումներով սկսեց արտահայտվել, որովհետև բանակային հասկացությունները հոգեբանորեն դեռևս կապվում էին խորհրդային իրականության հետ, իսկ մեր պայքարինը հարաբերվում էր 19-րդ դարավերջի ազգային-ազատագրական շարժման հետ։