Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/93

Այս էջը հաստատված է

Ավելի քան չորս տարի շարունակված պատերազմի ավարտին Մատաղիսի ազատագրումուց հետո մնալու էր ուղիղ մեկ ամիս՝ պատերազմի դաժանագույն ամիսը։ Մինչ այդ Ադրբեջանը, չհամաձայնելով զինադադար հաստատելու Ռուսաստանի և Արևմտյան միջնորդների խաղաղարար առաջարկներին, այնուամենայնիվ գիտակցում էր, որ առաջիկայում պետք է զինադարար հաստատվի։ Վերջին այս մեկ ամսվա ընթացքում հակառակորդն ամեն ինչ արեց, որ այն կնքվի իր համար ավելի նպաստավոր պայմաններով։ Օգտվելով զորքի թվաքանակի և զինտեխնիկայի անհամեմատ գերակշռությունից՝ միաժամանակ ընդհանուր հարձակման անցավ թե՛ հարավում՝ Ֆիզուլի-Հորադիս ուղղությամբ, և թե՛ հյուսիսում` Մարտակերտի ողջ ուղղությամբ։

Ապրիլի քսանից հետո մարտական գործողությունների սաստկացումն ուներ նաև հոգեբանական մի այլ կարևոր պատճառ։ Արցախյան շարժման սկզբից ադրբեջանցիները ամեն տարի ասում էին, որ մի նոր ապրիլի քսանչորս են բերելու հայերի գլխին, իսկ ամեն ապրիլի քսանչորսի նախօրեին հայկական կողմն ասում էր, որ հայկական բանակն է այն երաշխիքը, որն այսուհետ բացառելու է մի նոր ապրիլի 24-ի կրկնությունը։

Ադրբեջանական կողմի չիրականանալիք այս մտայնությանը վստահաբար ամեն տարի առավել զգոնությամբ կդիմավորեն մեր ուժերը ապրիլյան ոգեկոչման օրերին։

Պատմական բախտորոշ իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած թերացումների և հուսալքության համար մի տևական ժամանակ վճարում են հաջորդ սերունդները։

1994 թ. ապրիլի 12-ին Մատաղիսի ազատագրման վերջին փուլ մտած մարտական գործողությունները պատասխանելու էին այն հարցին, թե հակամարտող ուժերը ի՞նչ պայմաններում են զինադադար հաստատելու և վերահսկելու ու հակազդելու ի՞նչ մեխանիզմներ են ունենալու։ Երկու կողմերն էլ, թեև տարբեր տեսանկյուններից, սակայն իրենց առջև դրել էին միևնույն խնդիրը։ Հայկական կողմի նպատակն էր պահել Թալիշի դիմահայաց բարձունքները և