Տիկը մզեցին, ջանը հանեցին,
Բերանն ու միրուք թամուզ սրբեցին,
Խաչակնքելով ղըրաղ քաշվեցին,
Ձեռը լվացին։
Ո՛չ թե բարով տալ, կամ կշտովն անցնիլ
Նրանք լայաղ չէին անում, կամ խոսիլ։
Մեկ բան ասելիս էլ հըռհռում էին,
Ծափ տալիս, խնդում, ծաղր անում խղճին։
Մեկ օր էլ տեսան, մաշիքը ծակ էր.
Մյուս շորերն հո ձեռից ընկել էր։
Որ չասեց՝ որ մուկն ա մաշիքն ծակել,
Գելը կատաղեց, էնպես ծաղր անիլ՝
Քա՛րը կը պատռեր, ի՞նչ թե նըրա սիրտը,
Որ էլ տեղ չուներ, ծածկի իր դարդը։
Դանակն ոսկորին եկել էր, հասել
Մեկ անուն ուներ, էն էլ նա կոտրել։
Հոր տըված խըրատն իսկույն միտքն ընկավ,
Սիրտն արնով լիքը հենց որ տուն եկավ.
Մեկ թոգ վեր առավ ու գոմը վազեց,
Հոր հոգին հիշեց, իր օրն անիծեց,
Էլ հոգի, հավատ ի՞նչ միտքը կը գար,
Որ մեղա ասեր, յա իր մեղքը լար։