Այս էջը հաստատված է
Ա

1877 տարվա մայիս ամիսը մոտենում էր իր վախճանին։ Աղբակա[1] Լիանա դաշտերից մեկի վրա, առավոտյան մառախուղի միջից, հազիվ երևում էին մի քանի վրաններ, սև կապերտից պատրաստված, որոնք բոլորաձև շարված էին մինը մյուսի մոտ, թողնելով իրանց մեջտեղում բավական ընդարձակ հրապարակ։ Տեսնողը առաջին անգամից կկարծեր, թե դրանք մի խաշնարած ցեղի չադրներ են, որ զետեղվել էին այդ կանաչազարդ հովտի մեջ, իրանց անասունների համար արոտ գտնելու։ Բայց քանի որ արևը բարձրանում էր, լեռներին պատած մառախուղը ավելի և ավելի նոսրանում էր, վրանների տարածությունը ընդարձակ հովտի մեջ հետզհետե մեծ քանակություն էր ներկայացնում։ Այս կասկածելի երևույթը այն ժամանակ նրան բանակի ձև էր տալիս։

Եվ իրավ, վրանների առջև ցցված երևում էին եղեգնյա երկայն նիզակներ, որոնց ծայրերը զարդարած էին սև փետուրներով, իսկ հրապարակի վրա անբացատրելի խռովության մեջ շարժվում էին զինվորված տղամարդիկ, որոնց երեսները արտահայտում էին կատաղի անհամբերություն։ Բանակից հեռու, դալար խոտերի մեջ, արածում էին բոլորովին պատրաստ, թամքած ձիաներ, որոնց

  1. Աղբակը տաճկական Հայաստանի գավառներից մեկն է, որ սահմանակից է Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներին։