Այս էջը սրբագրված է

ձեր կողոպուտից, որովհետև նրա հրեշտակները նույնպես պատերազմելու են ձեզ հետ։ Խնամք տարեք, եթե մեկը ձեզանից հիվանդ լինի կամ վիրավոր, որովհետև դուք ամենքդ եղբայրներ եք այդ սրբազան դրոշի տակ»։

Դեռևս երկար խոսում էր Շեյխը, կանգնած իր ամբիոնի վրա, որպես Իսլամի մարմնացած ոգին, որպես հալածասիրության և մոլեռանդության մի կենդանի օրինակ։ Նրա ձայնը ազդու էր և սուր, իսկ բարբառը զուրկ չէր ոգևորող պերճախոսությունից։ Ղորանի աշակերտը,— որի մեջ այնքան բանաստեղծական հափշտակությամբ երգվում է սրբազան պատերազմը (ջահաթ) իր բոլոր արյունային գույներով,— Ղորանի աշակերտը միայն կարող էր այսպես ոգևորել մի վայրենի բազմություն մարդկանց մորթելու համար։

Շեյխի ճառը մի համառոտ եզրակացություն էր այն աստվածեղեն գրքի բովանդակությունից, որին հետևում է ամբողջ մահմեդական աշխարհը։

Երբ վերջացրեց նա, կրկին դարձավ դեպի բազմությունը այս խոսքերով.

«Աստված ձեզանից ուխտ է պահանջում, և թո՛ղ ձեզանից ամեն մեկը կատարե իր երդումը»։

Նույն միջոցին ամբողջ բազմությունը վեր առավ գետնից մի-մի քար և ձգեց հրապարակի վրա, ուր բարձրացավ մի ահագին՝ բլուր, որպես արձան մի սոսկալի ուխտադրության։ Եվ այս գործողության ժամանակ օդը թնդաց հազարավոր ձայներից, որոնց խառնակության միջից պարզ որոշվում էր այս խոսքը. «Եվ թող մեր թալախը[1] այս քարի նման ձգված լինի, եթե հավատարիմ չմնանք սուրբ գործին»։

Երբ բոլոր արարողությունները վերջացան, Շեյխը կրկին կարդաց օրհնության մաղթանք և իջավ իր բեմից։ Նա կրկին մտավ իր վրանը։

Նույն միջոցին կրկին լսելի եղավ թմբուկի ձայնը։ Ամեն մարդ վազեց իր ձին նստելու, վրանները հավաքվեցան, և մի քանի ժամից

  1. Թալախ նշանակում է բաղդ կամ ամուսնական կապ․ նա քանդված է համարվում, երբ քուրդը նրա անունով երդվելուց հետո ուխտազանց է լինում. «Թո՛ղ իմ կինը ինձ հառամ (արգելված) լինի, ասում է քուրդը, եթե չկատարեմ խոստմունքս»։ Ամուսնական կապը նույնքան հարգելի է քուրդի համար, որքան մի քաջի համար, որ ունի ասպետական զգացմունքներ։