Այս էջը սրբագրված է

հետո ամբողջ բանակը պատրաստ էր ճանապարհ ընկնելու։ Նա շարժվեցավ, երբ Շեյխը իր ձին նստած, կարմիր դրոշը ձեռին, առաջ ընկավ։

Այն ժամանակ նրա դեմքը ծածկված էր մի սպիտակ երեսկալով, որ անհավատների աչքերը չտեսնեին նրա սուրբ երեսը։ Ավելի քան տասն հազար քուրդեր հետևում էին այդ սարսափելի ծերունուն։ Գունդերի ետևից տանում էին մի շարք ուղտեր, որ բարձած էին փոքրիկ թնդանոթներով։

Այսպես սկսվեցավ Շեյխ Ջալալեդդինի արշավանքը դեպի տաճկական Հայաստանը։


Բ

Անցավ մի ամբողջ շաբաթ։

Մի տղամարդ գալիս էր Վանից դեպի Աղբակ բերող ճանապարհով։ Դուրս գալով Խոշաբի ձորից, նա արդեն հասել էր Չուխայ Գագիկ կոչված լեռնային անցքը։ Տղամարդը մենակ էր։ Նա գալիս էր ոտով, և այնքան արագընթաց, կարծես, մի բան շտապեցնում էր նրան։

Դա մի երիտասարդ էր, որի տարիքը դեռ նոր էին մոտենում երեսունի։ Դեմքը գորշ-դեղնագույն էր, լերկ և բոլորովին անմազ այտերը ցամաք էին, իսկ ծնոտքը զգալի կերպով դուրս էին ցցված։ Բարակ և նույնպես գորշագույն շրթունքի միջից շատ անգամ երևում էին ձյունի պես սպիտակ ատամները․ այսպիսի ատամներ ունենում են միայն նեգրերը։ Գլուխը պատած էր սև գանգրավոր մազերով, որ թափվում էին արևից այրված մերկ պարանոցի վրա։ Ճակատի վրա երևում էր մի խոր սպի, որ տալիս էր նրա վայրենի դեմքին մի ահավորություն։ Բայց չնայելով իր այլանդակությանը, այդ այրական դեմքը ուներ իր հատուկ գեղեցկությունը, որ արտահայտում էր կտրչություն, համարձակություն և կատաղի անգթություն։

Երիտասարդը բարձրահասակ էր, ցամաք և նիհար, բայց զարգացած ոսկրներով և ամուր մկանային կազմվածքով։ Նա հագնված էր քուրդի ձևով և գտնվում էր կատարյալ զինավառության մեջ։ Ասիական հրացանը, կեռ թուրը, մի զույգ ատրճանակներ,