Այս էջը սրբագրված է

հայրենական տնակից, որպես անառակ որդի։ Իր համազգի հասարակության մեջ նույնպես նա ընդունելություն չգտավ. ամեն մարդ սկսեց խորշիլ նրանից, որպես ժանտախտից։ Այնուհետև մնում էր նրան անձնատուր լինել դեպքերի բերմունքին, և նա դարձավ մի արկածախնդիր թափառական, իսկ վերջը՝— մի անգութ ավազակ, որ ուխտել էր պատժել մարդկանց, որովհետև մարդիկ պատժեցին նրան։

Որպես ավազակ նա դարձյալ մնաց միշտ ազնիվ։ Նա չկորցրեց իր առյուծի վեհությունը, որ չէ սիրում հարձակվիլ տկար կամ վատուժ կենդանիների վրա, որ իր որսածի մեծ մասը թողնում է մանր գազաններին ուտելու համար․․․։

Ամբողջ տասը տարի հայրենիքից հեռացած այդ թշվառականը, կրկին վերադարձավ այնտեղ, երբ լսեց նրա վտանգը։ Նա չեկավ հայրենիքը փրկելու համար, որովհետև գիտեր, որ իր նման շատերը նրան փրկել չէին կարող, երբ ինքը իրան փրկելու ընդունակություն չուներ։ Նա եկավ փրկելու մի գեղեցիկ արարած, որին միայն սիրում էր, և որը միայն էր ամբողջ աշխարհի մեջ, որ սիրում էր այն մարդուն, որին բոլորը ատում էին։— Այդ էր նրա մխիթարությունը։ Բոլոր աշխարհի մեջ հանգստություն, դադար և իր գլուխը դնելու մի անկյուն չունեցավ անբաղտը՝ ուներ մի կնոջ ջերմ սիրտ, ուր ապրում էր նա, շնչում էր և այնտեղ մոռանում էր իր կյանքի դառնությունները, թեև տասը տարուց ավելի էր, որ չէր տեսել նրան։

Ահա՜ ինչ էր պատճառը, որ նա այնքան անզգա էր դարձել դեպի իր շրջակայքը կատարվող գործողությունները, և որպես մի չար դևից հալածվելով, ակամա մղվում էր դեպի առաջ, ոչ մի տեղ հանգիստ չառնելով։ Բայց բնությունը պահանջում է իրը․ քանի օր էր, որ նա ամենևին քնած չէր, մի քանի օր շարունակ նա ճանապարհի վրա էր գտնվում. նրա ուժերը սպառվել էին և նա սկսել էր թուլանալ։ Եվ երբ նա բարձրացավ բլուրի վրա, նստեց այնտեղ, որ մի փոքր հանգստանա, հանկարծ ակամա կերպով նրա գլուխը ծանրացավ, աչքերը փակվեցան և ընկավ փափուկ խոտերի վրա։ — Դա քուն չէր, այլ մի տեսակ թմրություն, որ տիրում է մարդուն և արթնության ժամանակ, երբ սաստիկ տանջված է լինում, թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես։