Այս էջը սրբագրված է

անգղները և մինչև անգամ երկչոտ կաչաղակը ուրախ-ուրախ թռիչքներ էին գործում, ճախրում էին, պտույտներ էին անում, իջնում էին նրանց վրա և կրկին բարձրանում էին օդի մեջ։ Այնտեղ և շնագայլն ու բորենին ուրախական ձայներ էին հանում։ Երևում էր, որ այդ անասունները բոլորել էին մի ճոխ սեղանի շուրջը։

Տեսարանը պարզվեցավ, երբ նա բոլորովին մոտ գնաց․ երկայն ձողերի գլխին շամփրած մարմինները մարդկային դիակներ էին, որոնց կենդանի բարձրացրել էր այնտեղ բարբարոս ձեռքը, իսկ այժմ մեռած էին։ Նրանք թվով երեք էին, որոնց մի կողմ թեքված գլուխներից սարսափած ճանապարհորդը ճանաչեց երկու քահանայի և մի վարդապետի երեսները։ Եղեռնագործության ամենասոսկալի օրինակն է այդ, որ ստեղծել է մահմեդականի անգթության հանճարը,— կենդանի մարդիկ ղազուխի զարկելու․․․ Ձողերի շուրջը ածած էին կոտորած դիակներ, որոնք գազանների գիշատելուց ավելի այլանդակվելով սարսափ էին ձգում նայողի վրա։

Հանկարծ երիտասարդը լսեց մի խուլ մրմունջ, որ նման էր այն դառն հառաչանքին, որ արձակում է մարդ մահվան տագնապի մեջ տանջված րոպեներում։ Նա շտապեց դեպի ձայնը։ Գետնի վրա նշմարվում էին արյան կաթիլների հետքեր, որոնք հազիվ տեսանելի շավիղի նման տանում էին դեպի այն կողմը։ Տասը քայլ հազիվ փոխել էր նա, հանկարծ ծնկները թուլացան, գետնին փռվեցավ և գրկեց մի ալեզարդ ծերունի։ Մի քանի րոպե մեռնողը և կենդանին մնացին անմռունչ։

Մեռնողը ավելի շուտ ոգի առավ, քան թե կենդանին, և առաջինը խոսեց իր թույլ, դողդոջուն ձայնով. «Հիմա, տե՛ր, ա՛ռ հոգիս, որովհետև մեռնում եմ որդուս գրկի մեջ»։

Երիտասարդը դեռ անշարժ էր։

Ծերունին ավելացրեց․

«Տասը տարի կորած որդիս այժմ կփակե հոր աչքերը»։

Երիտասարդի գլուխը դեռ այնպես ընկած էր ծերունի հոր կուրծքի վրա։ Հայրը իր թույլ ձեռքով բարձրացրեց այն սիրելի գլուխը և ասաց.

«Սարհա՛տ, աննման Սարհա՛տ, թող օրհնեմ քեզ, հետո մեռնեմ»։

— Բայց առաջ դու լսի՛ր որդուդ անեծքը, և հետո մեռիր,– ասաց երիտասարդը զայրացած ձայնով։— Այո՛, տասը տարի կորած որդիդ այժմ պետք է փակե հոր աչքերը, որին գտնում է արյան