Այս էջը սրբագրված է

— Մըստոն ամեն բան գիտե. գիժ չէ՞, որ չգիտենա։— Գլխի՞ցը պատմեմ։

— Ո՛չ, կարճ կապի՛ր։ Ի՛նչ կհարցնեմ, էն ասա։

— Լավ, հարցրու։

— Ե՞րբ եկան քրդերը։

— Քրդերը եկան երկու օր առաջ. գիշեր էր, երբ եկան նրանք. մարդիկ բոլորն էլ քնել էին։ Նրանք շատ չէին, հարյուր ձիավոր հազիվ կլինեին, որ եկել էին մեր գյուղի վրա. մյուսները գնացել էին ուրիշ գյուղերի վրա։ Բայց հայի գյուղը թալնելու համար տասը ձիավոր էլ բավական է։— Ինչո՞ւ հայերը ղոչաղ չեն, աղա, դա լավ չէ, դա շա՛տ վատ է։— Լացն ու աղաղակը բարձրացավ, երբ նրանք խրճիթների դռները կոտրատեցին և ներս մտան։ «Տո՛, խանիխարաբնե՛ր, ասում էի ես հայերին, խո կնիկ չեք, մարդ եք, թե որ թուր ու թվանք չունեք, քարով, փայտով, կացինով խփեք ու դուրս արեք էդ շներին»։ Բայց ով էր իմ ձենը լսողը։ Առաջ նրանք սկսեցին դուրս տալ, ինչ որ տանելու էին, թե՛ ապրանք, թե՛ կին և թե՛ աղջիկ. բայց մնացած անպիտան ապրանքները՝ ծերերի, պառավների, երեխաների հետ՝ թողեցին խրճիթներում, դռները կրկին փակեցին, հետո կրակ տվեցին, այրեցին։ Իսկ տղամարդերին կոտորում էին։

— Ոչ ոք չազատվեցա՞վ։

— Ազատվեցան նրանք միայն, որ առաջուց բանը գիտեին ու փախել գնացել էին, սարերում թաք էին կացել։ Բայց շատերը չէին հավատում, թե քրդերը այնպես կանեին. նրա համար, որ գայմագամը գրում էր ժողովրդին՝ իրանց տեղումը հանգիստ մնան, չվախենան։ Խաբում էր անիծածը։

— Մեր տան հետ ի՞նչ պատահեց։

— Հայրդ տանը չէր, գնացել էր Բաշ-Կալա, ինձ ասաց.— Մըստո, տունը պահիր, մինչև ես կդառնամ։ Ես արթուն էի, երբ քրդերը եկան, հրացանը ձեռիս կտուրի վրա կանգնած էի։ Բայց ի՛նչ կարող էր անել մենակ Մըստոն այնքան գազաններին. մի տասը տղամարդ եթե հետս ունենայի, նրանց չէի թող տալ, որ գյուղն էլ մտնեին, բայց մենակ էի։ Ես ձեռք էլ չբարձրացրի, նրա համար, որ քուրդի խասյաթը լավ էի իմանում, հենց որ մեկին ղիպչեի, ոչ մի հոգի կենդանի չէին թողնի։ Ես աշխատում էի մի կերպով ընտանիքը ազատել. մնացածը, ասում էի, գլուխը քարը, թո՛ղ տանեն։ Առանց ժամանակ կորցնելու, ես տնից դուրս հանեցի