Այս էջը սրբագրված է

ձայն կհանես. քեզ կպատասխանեն նույն ձայնով։ Հետո ձայնդ կփոխես. երկու անգամ բուի ձայնով կկանչես։ Այն ժամանակ քեզ մոտ կհայտնվի մի մարդ։ Դու նրան կասես, դեռ արևը մայր չմտած պատրաստ լինեն Սախկալ-Թութան կիրճի մոտակայքում։

— Կարելի է նա հարցրեց, թե քեզ ո՞վ ուղարկեց։

— Իմ անունը կհայտնես։

— Կարելի է, նա չհավատա։

— Այս մատանին ցույց կտաս։

Սարհատը հանեց իր մոտից մատանին և տվեց Մըստոյին։

— Կարելի է նա հարցրեց, թե ի՞նչ գործի համար է։

— Դու կպատմես այդ գերիները տանող քարավանի մասին բոլորը, ինչ որ տեսար, և կասես, թե քարավանը Սախկալ-Թութան կիրճի մեջ մտածին պես, պետք է նրա առաջը կտրենք, որ գերիները ու թալանը խլենք քրդերից։

— Իմացա։ Նրանք քանի՞ հոգի են։

— Տասն և երկու։

— Ո՞վքեր են։

— Իմ ընկերները։

— Տասն և երկու հոգին բավական է հիսունի դեմ Սախկալ-Թութան կիրճում,— նկատեց Մըստոն.— ես էլ նրանց հետ տասն և երեք կլինենք։ Բայց 13 թիվը նաս[1] է։

— Ինձ էլ հաշվելու լինես, 14 հոգի կլինենք,— ասաց Սարհատը, 14-ը նաս չէ։

— Մեզանից չորս հոգի բավական է, որ կիրճի դուռը կտրե, էլ ինքը սատանան չէ կարող այնտեղից դուրս գալ,— նկատեց Մըստոն.— ինչ լավ տեղ ընտրեցիր, աղա, բայց դու ո՞ւր կմնաս։

— Ես ծածուկ կհետևեմ քարավանին, մինչև կիրճին հասնելը։— Բայց դու այն ասա՛, ոտքդ քեզ խո չի՞ նեղացնի. մինչև Բիժինկերտ բավական հեռու է։

— Ո՛չ, չի նեղացնի, անիծված գնդակը մսի միջովն է անցել, ոսկորին չի դիպել, մահլա՛մ եմ դրել ու պինդ կապել։

— Վերքը քանի՞ օրվա է։

  1. Նաս նշանակում է անբարի կամ չարագուշակ։ 13 թիվը նաս է համարվում մահմեդականների մեջ. համբարելու միջոցին 13 թվին հասնելու ժամանակ մահմեդականը միշտ անց է կացնում, ասելով. «13 չէ»։