Այս էջը սրբագրված է

յոթ հոգի պետք է փակե կիրճի մուտքը, իսկ յոթ հոգի՝ նրա ելքը։ Մ ենք 14 հոգի ենք։ Ես կտամ հարձակողական նշանը բազեի ձայնով։ Աշխատեցեք, որքան կարելի է, հեռու մնալ արյունհեղությունից։ Խոսեցեք միշտ Ռավանդների բարբառով, որովհետև Ռավանդները Հարտոշիների հետ մի թշնամի ցեղ են. թող նրանք կարծեն, թե գործ ունեն Ռավանդների հետ։ Եթե անձնատուր եղան, պայմանների մասին կխոսեմ ես։ Հարձակումները միշտ մի տեղից, կամ մի կողմից չպետք է լինեն, շուտ-շուտ փոխեցեք ձեր դիրքը, որ թշնամին կարծե, թե բազմաթիվ եք։ Փախչելու աշխատողներին իսկույն ծակեցեք, որ ուրիշ տեղ խաբար չտանեն։

Սախկալ֊Թութանը այն սարսափելի կիրճերից մեկն էր, որի նմանը շատ անգամ հանդիպում է Հայաստանի լեռներում. նրա աջ և ձախ կողմերից սեպացած ժայռերը պարսպաձև բարձրանում էին, մեջտեղում թողնելով մի նեղ անցք, որի միջով քարավանը անցնելու համար հարկավոր էր, որ բոլոր գրաստները մինը մյուսի ետևից շարված լինեին, որովհետև մոտեմոտ գնալու համար բավական նեղ էր ճանապարհը։

Նրանք գտան քարավանը այս դրության մեջ շարված կիրճի մուտքից սկսյալ մինչև նրա ելքը։ Հոգնած քարավանը խիստ դանդաղ էր ընթանում։ Սարհատը գործն այնքան ետ ձգեց, մինչև արևը մտավ և բոլորովին մթնեց։ Բայց լուսնյակ գիշեր էր։ Այնուհետև նա, վեց հոգի իր հետ առնելով, կտրեց կիրճի ելքր, իսկ վեց հոգի Դալի-Բաբային հանձնելով, պատվիրեց կտրել կիրճի մուտքը։ Քարավանը մնաց մեջտեղում նեղ փապարում լցված։ Քարավանը նո՛ւյն դրության մեջ էր գտնվում, որպես թե ածած լիներ մի հսկայական խողովակի մեջ, որի երկու ծայրերը փակված էին։

Բազեի սուր և ձգական ձայնը հնչեց, որպես թե մոտենում է իր որսին։ Զանազան տեղերից լսելի եղան հրացանների որոտմունքներ։ Կիրճի մեջ սկսվեց մի աղմկալի իրարանցում և բարձրացավ խուլ դղրդյուն։ Հարտոշիները կատաղած գազանների նման սկսեցին այս կողմ և այն կողմ վազվզել, բայց ամեն տեղ հանդիպում էին որոտացող կրակների։ Առյուծը ընկած էր երկաթի վանդակի մեջ։

Քուրդը վտանգի րոպեներում ցույց է տալիս իր բնավորության բոլոր վսեմությունը։ Նա վիշապ է դառնում և կամենում է լեռները, ժայռերը կլանել։ Կիրճի ահագին պարսպաձև շղթաները ևս