Այս էջը սրբագրված է

ոչինչ էին թվում կատաղած Հարտոշիի աչքին, նա վագրի նման մագլցում էր սեպացած ժայռերy, որ վեր բարձրանա և դեմառդեմ հանդիպի թշնամուն։ Բայց բնությունը հաղթող էր հանդիսանում, վագրը սարսափելի բարձրությունից կրկին գահավիժվում էր, կրկին գլորվում էր ցած։

Կիրճի մեջ քրդերի կատաղի աղաղակը, գերիների լացն ու կոծը, աջ և ձախ որոտացող կրակների բոմբյունը, միախառնվելով, կազմում էին խիստ սոսկալի ներդաշնակություն։ Կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ։ Քրդերը վճռել էին մինչև վերջին շունչը ընդդիմանալ։ Այն ժամանակ բազեի խորհրդական ձայնը նորից երեք անգամ հնչվեցավ, դա նշան էր, թե պետք չէ գթալ։ Գնդակները կարկուտի արագությամբ սկսան թափվել կիրճի մեջ։

Պարզ-լուսնային գիշերը բավական նպաստում էր կռվին, և մեր քաջերը չէին վրիպում իրանց նետումներից և կարողանում էին նշան դնել քրդերին միայն, և գերիներին չվնասել։

Մի ամբողջ ժամ ևս հուսահատական-հանդգնությամբ կռվելուց հետո, քրդերի միջից լսելի եղավ մի ձայն՝ «անձնատուր ենք լինում»։ Այն ժամանակ Սարհատը բարձրացավ մի քարի վրա և սկսեց վերևից խոսել։

— Ավելի լավ կլիներ, որ շուտ անձնատուր լինեիք, այն ժամանակ գոնե ձեր մեծ մասը կենդանի մնացած կլիներ, դուք ձեր համառությամբ շատերին կոտորել տվիք։ Վնասը մեծ չէ. քաջերի ճակատագիրն է այդ. գովում եմ ձեր հանդգնությունը։ Հիմա լսեցեք պայմանները.— դուք ամենքդ կմնաք կիրճի մեջ, բայց ավարը և գերիները բաց կթողնեք իրանց գրաստներով։ Մենք ձեզանից չենք խլի ձեր զենքերը և ձիերը, դրանք պետք են ձեզ. միայն կողոպուտից ոչինչ չպետք է պահեք ձեզ մոտ։ Դուք կմնաք կիրճի մեջ և չեք շարժվի մինչև առավոտյան լուսաբացը. այն ժամանակ ազատ եք, որ կողմ կամենաք, գնացեք։— Համաձա՞յն եք։

— «Համաձայն ենք»,— լսելի եղավ կիրճի միջից։

— Ուրեմն, բա՛ց թողեք գերիներին և ավարը։

Մի քանի ժամվա մեջ կիրճը դատարկվեցավ։ Այնտեղ մնացին քսան հոգու չափ Հարտոշիներ միայն։

— Դալի-Բաբա,— դարձավ Սարհատը դեպի քահանան,— քեզ հետ կվեր առնես չորս հոգի և կքշես քարավանը դեպի Սալմաստ. մինչև արևի դուրս գալը դուք կանցնեք Պարսկաստանի սահմանը,