Այս էջը սրբագրված է

— Ինձ այսուհետև ավելորդ է այստեղ մնալ․․․ — ասաց քուրդ ազնվականը։

— Ես էլ խորհուրդ չէի տա մնալու համար,— պատասխանեց վանահայրը.— գնացեք, տեր ընդ ձեզ. միայն ընդունեցեք կատարել իմ վերջին խնդիրքը․ առեք այդ բանալին, նույն պահարանի մեջ, ուր թաքցրել եմ ձեր կայքը, այնտեղ երկու արկղներում պահված են վանքի սրբությունները․ տարեք ձեզ հետ, թող ավազակների ձեռքը չընկնին։— Դուք միշտ այնքան հավատ եք ունեցել դեպի մեր վանքը, որ ոչ մի քրիստոնյա չէ ունեցել։

— Կտանեմ, միամիտ կացեք,— պատասխանեց քուրդը։ — Բայց դուք վեր առեք ձեզ հետ իմ մարդերից մեկը, նա հեռվից կհետևի ձեզ. և եթե ձեզ բռնելու կամ պահելու լինեն, նա ինձ իմացում կտա։

Վանահայրը համբուրվեցավ իր բարեկամի հետ և սկսեց դիմել շեյխի բանակը։ Նա ամենևին հույս չուներ, թե կվերադառնա այնտեղից և մյուս անգամ կտեսնի իր բարեկամին։

Նույն միջոցում հասան Օմարի մարդիկը, բերելով իրանց հետ երեսունի չափ ավելորդ ձիաներ, և նա բարձել տվավ իրան պատկանող իրեղենները, որ քանի օր առաջ ապահովության համար բերել էր այնտեղ․ նա չմոռացավ իր հետ վեր առնել և այլ երկու արկղներ, որոնց մասին խնդրել էր վանահայրը։ Երբ նա բոլորովին պատրաստ էր, դռնապանը բացեց պարսպի գաղտնի դռները, և ազնիվ քուրդը խիստ տխուր սրտով համբուրեց տաճարի սուրբ սեղանը, և հեռացավ վանքից։

Վանահայր Եղիազար վարդապետը գնաց շեյխի բանակը, և այլևս չվերադարձավ այնտեղից…

Մի քանի ժամից հետո քրդերը խումբ-խումբ մտան նախ «Վանքի գյուղը», առաջ սկսեցին անասունները դուրս քշել, հետո տները դատարկեցին, և նրանց մեջ գտնված իրեղենները բառնալով գրաստների վրա, ճանապարհ դրին։ Երբ գյուղի հետ իրանց հաշիվը վերջացրել էին, մտան վանքը, այնտեղ էր ամբարված շրջակայքի բոլոր հարստությունը,— սկսեցին դուրս կրել։ Ողորմելի ժողովրդի լացն ու կոծը, նրանց դառն աղաղակները ամենևին չէին ազդում հափշտակիչների անգութ սրտերին… ամենափոքր ընդդիմադրությունը պատասխանվում էր սրով և ատրճանակով․․․։