Այս էջը սրբագրված է

— Կրակ ունե՞ս,— հարցրեց ձիավորը,— չախմախիս քարը կորել է, ամբողջ օր չեմ ծխել, գլուխս դդում է դարձել։

— Կգտնվի,— պատասխանեց առաջինը, և ծոցից դուրս բերելով հրահան ու աբեթ, սկսավ զարկել կայծքարին։

Ձիավորը կռացավ, մոտեցրեց չիբուխը, և նա վառած աբեթը դրեց ծխախոտի վրա։ Նույն միջոցին նա առիթ ունեցավ լավ զրննել ձիավորի դեմքը։ Նա շնորհակալություն հայտնեց, և ծխելով քշեց իր ձին։

Տասը քայլ հազիվ հեռացել էր ձիավորը, նրա ետևից գոռաց հրացանը և ողորմելին գլորվեցավ ձիուց ցած։ Ձին խրտնեցավ և ճանապարհից դուրս եկավ, իր հետ քաշ տալով դիակը, որի մի ոտը մնացել էր ասպանդակի մեջ։ Ձին երկար վազվզում էր ավելի և ավելի կատաղելով, մինչև թամքը շուռ եկավ փորի տակը, և նա կանգնեց։ Այն ժամանակ եղեռնագործը մոտեցավ, բռնեց ձիուն և սկսեց որոնել սպանվածի ծոցերը, գրպանները, որի մարմինը սաստիկ զարկվելով քարերին, բոլորովին ջարդուփշուր էր եղել։ Նա գտավ նամակը, որի հասցեն գրած էր շեյխի անունով, թաքցրեց իր ծոցի գրպանում, դիակը ձգեց մի փոսի մեջ, հետո ուղղելով սպանվածի ձիու թամքը, նստեց վրան, և սկսեց վազեցնել դեպի Ղանլի֊Դարա, ուր գտնվում էր Ջալալեդդինի բանակը։

Նա հասավ շեյխի բանակը, երբ արևր մտել էր. բայց մութը դեռ բոլորովին չէր պատել աշխարհը։ Նամակր նա հանեց իր ծոցից և խրեց գլխի չալմայի փաթեթի մեջ, այնպես, որ նամակը կիսով չափ երևում էր։ Նա, որպես սովորաբար ծրարում են նամակները արևելքում, մի երկայն խողովակաձև գալարված թուղթ էր, որի մեջտեղից գոտիի նման փաթաթել էին մի ուրիշ թղթի կտոր և կնքել էին։

— Ի՞նչ մարդ ես,— հարցրեց նրանից բանակի պահնորդներից մեկը։

— Սուրհանդակ,— պատասխանեց նամակաբերը և համարձակ քշեց իր ձին դեպի շեյխի վրանը։

Այդ մարդը Մըստոն էր։