Այս էջը սրբագրված է
ԺԱ

Բարդուղիմեոս առաքյալի վանքի սարսափելի անցքից հետո, գիշերը վանքում մնալով, իսկ առավոտյան դեռ արևը չծագած այնտեղից հեռանալու ժամանակ, Սարհատը նոր նկատեց, որ Մըստոն չկար։ Նրա ընկերները կասկածանքի մեջ ընկան, մի՛ գուցե պատանի քուրդը մատներ նրանց։ Նա այնքան խորամանկ էր և հանդուգն, որ ամեն բան սպասելի էր նրանից։

— Ես Մըստոյի ազնվության վրա կասկածել չեմ կարող,— ասաց Սարհատը.— և ավելի այն պատճառով, որ նա քուրդ է։ Քուրդը կեղծ մարդ չէ. թե թշնամության մեջ, թե բարեկամության մեջ նա իր գույնը չի փոխում։

Բայց Մըստոն ամբողջ երեք օր չերևաց։ Հետո հայտնվեցավ նա։

— Գտա,— եղավ նրա առաջին խոսքը, փաթաթվելով Սարհատի վզին։

— Ո՞ւմ գտար,— հարցրեց Սարհատը շփոթվելով։

— Ասլիին. նրան, որին դու սիրում ես։

Սարհատը ուրախությունից մի տեսակ արբեցության մեջ ընկավ։

Մըստոն մի ըստ միոջե սկսեց պատմել իր հանդիպելը փաշայի սուրհանդակի հետ, նրան սպանելը, հետո նամակն առնելով, և ինքն սուրհանդակ ձևանալով, շեյխի բանակը մտնելը և այնտեղ գերի աղջկանց թվում Ասլիին գտնելը։

— Դու հաստատ գիտե՞ս, որ նա շեյխի բանակումն է,— հարցրեց Սարհատը վրդոված ձայնով։

— Ինչպես չգիտեմ, աչքովս տեսա, հետը խոսեցի,— պատասխանեց Մըստոն ուրախ կերպով։

— Նա ճանաչե՞ց քեզ։

— Հենց որ տեսավ, իսկույն ուզում էր վազել ինձ մոտ. ես նշան արեցի, նա զգուշացավ։

— Ինչպե՞ս կարողացար տեսնել նրան։

Մըստոն պատմեց, թե երբ նամակը տվեց շեյխին, նա հրամայեց մի օր սպասել, մինչև ինքն իր իշխանների հետ խորհուրդ կանի և պատասխանը կգրի։ Նրան տեղ տվեցին շեյխի վրանի մոտ և հրամայեցին կերակրել։ Այն ժամանակ նա գտավ «իրանցից» մեկին, որը կրոնով եզըդի է, որին առաջուց ճանաչում էր։