Այս էջը սրբագրված է

— Մարդ չկա, որ մի քանի հատ բերած չլինի, շատերին վաճառում են, ուշնեցի հրյաները գնում են, որ տանեն կրկին հայերի վրա ծախեն։ Շատ էժան է, մի ադջիկր մի արծաթ մեջիդիայով (1 ռուբլի 20 կոպեկ) կարելի է առնել։

Սարհատի մի փոքր պայծառացած դեմքը կրկին մթնեց, կրկին տիրեցին նրա սրտին դա՜ռն ցավերը…

Այս խոսակցությունները Մըստոյի և իր տիրոջ մեջ անց էին կենում առանձին, հեռացած մի փոքրիկ աղբյուրի մոտ, որ բղխում էր լեռնային ապառաժի ճեղքից։ Նույն ժամուն նրա ընկերները պառկած էին ավելի հեռու, խոտերի վրա, գիշերային արշավանքից հանգստանալու համար։ Սարհատը մոտեցավ նրանց, զարթեցրեց և հաղորդելով Մըստոյի բերած լուրերը, հայտնեց, թե ինքը պետք է գնա դեպի Ջալալեդդինի բանակը։

— Մենք քեզանից չենք բաժանվի,— պատասխանեցին ընկերները։


ԺԲ

Ղանլի–Դարան, որ նշանակում է արյունոտ ձոր, արժանի է իր կոչմանը իր մեջ գործված բազմաթիվ արյունահեղությանց պատճառով։ Այդ ավազակաց որջը վկա է եղել հազարավոր սարսափելի եղեռնագործությունների, այնտեղից ոչ մի քարավան և ոչ մի ճանապարհորդ չեն վստահում անցկենալ, այնտեղ միայն ավազակները առանձնանում են հափշտակություններից հետո։ Այնտեղ էր դրել և շեյխը իր բանակը Բայազեզի դժբաղտ անցքից հետո, երբ նա հեռացավ պատերազմի դաշտից։

Այդ ձորի միջով հոսում էր Տիգրիսի վերին ճյուղերից մեկը, որին տեղացիք կոչում են Նըհել. դա բաժանում է Աղբակա գավառը Ջոլամերիկից։ Գետի ափի մոտ, մի կանաչազարդ տափարակի վրա, մի գիշեր հարյուրավոր տեղերում վառվում էին փոքրիկ խարույկներ, որոնց շուրջը նստոտել էին զինվորված քրդեր, խոսում էին, ծխում էին, ծիծաղում էին, երգում էին, և երբեմն նայում էին կերակուրի կաթսաներին, որ դրած էին խարույկների վրա, կամ դարձնում էին մսի մեծ–մեծ կտորները, որ ձգել էին կարմրած ածուխների վրա խորովելու համար։ Ամեն տեղ երևում էր ուրախություն, որ արտահայտվում էր կատաղի զվարճություններով։