Այս էջը սրբագրված է

— Պետք է հանկարծ վրա տալ,— ասաց Դալի-Բաբան, և աշխատել առաջ ջահերը խորտակել․ խավարի մեջ ավելի հեշտ կլինի գործը։

— Երկինքն էլ մեր բաղտից ամպում է, ահա լուսինը այլևս չէ երևում,— նկատեց Քիթաբ-Դալիսին։

— Կռվեցեք սրերով միայն,— խորհուրդ տվեց Սարհատը,— հրացան գործիքներով աղմուկ կբարձրացնեք, բանակը շատ հեռու չէ այստեղից, թող ձայնը այնտեղ չհասնի։

Քրդերի մոտ էլ չկային հրացան գործիքներ․ նրանք, որպես իրանց տանը, վեր էին առել թրեր և դաշույններ միայն, և այնպես հեռացել էին բանակից, ամեն մինը իր հետ բերելով իր զոհը։

Այդ միջոցում Մըստոյի դրությունը անտանելի էր. նա տեսավ, որ Սարհատը բոլորովին մոռացավ Ասլիին, բոլորովին թողեց այն նպատակը, որի համար եկել էր։ Նա տեսավ, որ այժմ իր սիրելի տերը ձեռնարկում էր մի այնպիսի հանդուգն և վտանգավոր գործի, որից հազիվ կարող էր ողջ դուրս գալ։ Ի՞նչ անել, մնալ նրա մոտ, նրա հետ միասին կռվել և նրա հետ մեռնել.— այդ շատ էր ցանկանում բարի Մըստոն։ Բայց մյուս կողմում, մի աղջիկ, մի նազելի հրեշտակ, որին այնքան սիրում էր Սարհատը, որին ինքը վաղուց էր ճանաչում, որ այժմ գտնվում էր շեյխի բազմաթիվ գերի հարեմականների մեջ,— և այդ թշվառը նույնպես օգնության կարոտ էր, նույնպես պետք էր ազատել նրան։ Դեպի ո՞րը դիմել։ Մի կողմում կանգնած էր իր մանկության ընկերը, մյուս կողմում — նրա սիրուհին։ Նա ընտրեց վերջինը, և առանց հայտնելու Սարհատին միայնակ դիմեց դեպի շեյխի բանակը։

Նրա գնալուց հետո անակնկալ հարձակումը կատարվեցավ կայծակի արագությամբ։ Ջահերը իսկույն խորտակվեցան։ Ձորի մեջ տիրեց ընդհանուր խավարը խորին զարհուրանքի հետ։ Սարսափելի կոտորածը սկսվեցավ։

Խիստ ահռելի բան է ձեռնամերձ կռիվը, մանավանդ նեղ տեղում, այն ևս գիշերային խավարի մեջ։ Մի այնպիսի օրհասական կռվում սուր երկաթը սոսկալի գործ է կատարում մարդկային մարմնի հետ։— Կենդանի մարդը մահ զգեցած, կռվում է մահ գործելու համար։

Մի քանի ժամ կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ։ Ընդհանուր խռովության մեջ շատ անգամ ընկերը իր սուրը ընկերի կողքն էր մխում։ Հուսահատական