Այս էջը սրբագրված է

դա՜ռն աղաղակները խառնվել էին զենքերի շաչյունի հետ։ Թե՛ սպանողը և թե՛ սպանվածը շաղախված էին տաք արյունի մեջ։ Դիակները ոտքերի տակ ավելի և ավելի խորտակվում էին։

Ձորը կրկին լուսավորվեց։ Լուսինը դուրս եկավ մոխրագույն ամպերի ետևից, կարծես, ցանկանում էր ականատես լինել մի գեղեցիկ գործի։ Նույն միջոցում հանդիսացավ մի սրտաշարժ տեսարան։ Մերկ կանանց խումբը բավական էր, որ հասկացավ, թե կռիվը իրանց ազատության համար է,— նրանք կատաղի ֆուրիաների նման իրանք էլ խառնվեցան կռվի մեջ։ Սարսափելի բան է կնոջ մոլեգնությունը, երբ առաջ է գալիս անձնական վրեժխնդրությունից։ Այսպիսի րոպեներում կինը մոռանում է իր կնությունը․ նա դառնում է մահվան հրեշտակ և սկսում է իր ձեռքը մխել այն սրտի մեջ, որը անարգաբար ոտքի տակ տվեց իր պատիվը։ Այն կանայք, որ մի քանի ժամ առաջ, բռնության կոպիտ ձեռքից ստիպված, հանձն էին առել ցած պաշտոն, այժմ, երբ ականջներին հնչեց ազատության ձայնը,— խլեցին իրանց ոտքերի տակ ընկած գերիչների զենքերը և սկսեցին կոտորել կենդանի մնացած գազաններին։ Պատվի զգացմունքը սկսեց պատերազմել անասնական կրքերի հետ. հրեշտակը դևերի հետ․․․

Լուսինը կրկին մտավ ամպերի տակ, և գիշերային խավարը քաշեց իր սև վարագույրը։ Տեսարանը ծածկվեցավ մթության մեջ…։



Վանա ծովակի արևմտյան ափերի մոտ, Սիփան լեռան ստորոտներում, մի փոքրիկ վտակի կանաչազարդ եզերքի մոտ, երևում էին խաշնարածների մի քանի չադրներ, որոնց արտաքին աղքատ կերպարանքը ցույց էր տալիս, թե այդ ողորմելի հովիվները չեն պատկանում քրդերի բաղտավոր որևիցե ցեղին։— Դրանք, հայերից ավելի հալածված, եզիդիների վրաններ էին, որ պատերազմի խռովությունների ժամանակ քաշվել էին այն լեռնային խուլ առանձնության մեջ իրանց կյանքը և փոքրաթիվ անասունները պահպանելու համար։

Հիշյալ վրաններից մեկի մեջ, որ իր վիճակով չէր զանազանվում մյուսներից,Ղանլի-Դարայի սոսկալի կոտորածից մի շաբաթ հետո, կարելի էր տեսնել մահճի մեջ պառկած մի տղամարդ, մահվան պես գունաթափված դեմքով և խորն ընկած մթին աչքերով։