Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/109

Այս էջը հաստատված է

1876


ՄՇԵՑՈՒ ՀԵԿԵԿԱՆՔԸ



   Վիզերըս ճըկած՝ սըրտով խոնարհ ենք,
Տիրասեր հպատակ լինինք ու ծառա,
Նորա անունը աղոթքով հիշենք,
Խըղճուկ հայ ազգիս գուցե մեղքանա։

   5 Քրտինք-վաստակի մեր տասանորդը
Տանք նորա զորքին, որ նա կըշտանա,
Ըլլանք սուլթանի մըտերիմ ճորտը,
Խըղճուկ հայ ազգիս գուցե մեղքանա։

   Թո՛ղ նա մեր որդոց անմեղ արյունով
10 Հաճույքի համար սուրը լըվանա,
Սըրտերուս կըսկիծն զըսպենք խընամով,
Խըղճուկ հայ ազգիս գուցե մեղքանա։

   Թո՛ղ պարկեշտասուն մեր աղջիկներով
Սուլթանի տըռփոտ պասքը հագենա,
15 Մեր ոսկին սերայ տանինք փեշերով,
Խըղճուկ հայ ազգիս գուցե մեղքանա։

   Բյուր տանջանք, բյուր վիշտ կըրենք անտրտունջ,
Թող մեր չար բաղդի թիվը լըրանա,
Մեզ հալածողին օրհնենք անմռունչ,
20 Խըղճուկ հայ ազգիս գուցե մեղքանա։

   Ցուցնունք, որ Հայը չէ՛ տաճկին ոսոխ,
Այլ բարյացակամ սերտ ընկեր է նա,
Նորա գովողն է և ո՛չ չարխոսող,
Խըղճուկ հայ ազգիս գուցե մեղքանա։