Ո՜վ Նազլու խաթուն, ինչո՞ւ ես տըրտում,
Ինչի՞ ես կարոտ, ինչը՞դ է պակաս...
Բոյըդ նազելի, երեսըդ սիրուն,
Հագիդ է դիպակ, թանկագին կերպաս։
5
Թե ունքով անես՝ հապճեպով նաժիշտք
Կըվազեն չընչին հաճույքըդ լըցնել.
Ցերեկ ու գիշեր հըմուտ երաժիշտք
Կըջանան, խաթո՛ւն, քեզի զբոսեցնել։
Ոտքիդ տակ փափուկ գորգեր է փըռած,
10
Խընկահոտ ծաղկոք լի բուրաստանըդ,
Ակնակուռ քալյան առջևըդ վառած,
Համադամ մըրգով լի է սեղանըդ։
Դու մի՛ նախանձիլ հրեշտակաց փառքին,
Քու բնակարանը արքայություն է,
15
Ոչ սոսկ մարդու, այլ փաշայի ես կին,
Տըրտում լինելըդ հիմարություն է...
Այսպես կըսփոփեր պառավ կավատը
Հայ Հռիփսիմեին, որին որ բըռնի
Ուրացրել էին յուր լույս հավատը,
20
Քրիստոսի կրոնը դարձրել Մահմեդի։
Պառավի խոսքին նա ոչինչ չասաց,
Միայն զըզվանքով երեսը դարձուց...
Դեմքը տըրտմալի, աչքերն էին թաց,
Շըրթանց գանգատը սըրտի մեջ թաքցուց: