25
Աչքերը անթարթ երկընքին հառած,
Հուսահատ հայացք ուղղեց ամպերին,
Ինչպես շանթերով էր նա հըղփացած,
Սըրտի մեջ այդպես շանթ ու կայծ էին։
Հիշեց մանկության նա յուր օրերը,—
30
Սիրելի ծընողք, եղբարք, ազգականը,
Յուր անմեղ տիոց անմեղ խաղերը
Եվ խաղակիցքը... կորուսա՛ծ բերկրանք։
Եվ հանկարծ... մի օր—տոն էր զատկական-
Չորս հոգի ղավազ, հետերն էլ մի սպա,
35
Փաշայի դիաց ցուցուցին հրաման,
Ասին. «Հռիփսիմեն հարեմ պիտ երթա»։
Խեղճ մայրը ընկավ լերդը պատառած,
Հայրը արտորաց զավակին ի նպաստ,
Ղավազի ձեռքը սուրը շողշողաց,
40
Դա էլ անկենդան ընկավ ի տապաստ։
Գընաց Հռիփսիմեն ու մըտավ հարեմ,
Ուրացավ հավատ, ուրացավ Հային,
— Կամավ թե բըռնի՝ այդ ես չըգիտեմ—
Եվ այդպես՝ եղավ նա կին փաշային։
45
Բայց մըտած օրեն ժըպիտ ու ծիծաղ
Իսպառ գընացին նորա երեսեն.
Չէին հաճելի նրան ո՛չ պար, ո՛չ խաղ,
Ո՛չ զգեստ թանկագին, ո՛չ զարդ ոսկեղեն։
Չանիծեց աղջկա բերանը արդար
50
Յուր արենարբու թըշնամիներին,
Այլ զարմանալով՝ կասեր անդադար,
«Ինչո՞ւ հայերը ինձ անտեր թողին»։