Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/147

Այս էջը հաստատված է

   25 Անշուշտ որ ամեն մեկ հայի բերան
Բյուր անգամ կօրհնե Նալբանդ, Բաբաջան.
Թերևս հայոց մեջերեն կոթող
Մեր հիշատակին գըտնըվի խորդող»։

   Եկան Նախջվան ու մըտան դպրոց,
30 Տեսան որ մեկ նիշ ալ չիկար հայոց.
Կարծեցին հանկարծ, որ մոլորվել են,
Դիպմամբ օտարի դպրոցը մըտել են։

   Կարդացին կանոնք այդ հեգ դպրոցին,—
«Հայ լեզու սովորել շատ հարևանցի»—
35 Եվ լուսավորչական սորվեցնող հավատ
Ընտրած է տերտեր լիրբ ու անհավատ։

   Վերատեսուչն է ոմն հայատյաց,
Մի հույլ տըգետներ վարժապետ ընտրած.
Այլ և ինքն ընտիր մի հովանավոր,
40 Ամենի գլուխ մի հայ խելացնոր...

   Ոչինչ չըտեսան որ համոզեին,
Թե նոքա հայի դպրոցումն էին.
Հայ ժողովրդին քարողն անգամ
Թուրքերեն կարդաց մեր հայ քահանան։

   45 Երբոր Նալբանդը տեսավ այս հրեշին,
Երեսը դեղին կըտրեցավ խեղճին.
«Այ զըվոտ, ասաց, դու որին շունն ես,
Այս հանդիսի մեջ դու ինչ գործ ունես։

   Դու ու քեզի պես մարդիկ այն չէի՞ն,
50 Որ ինձ վաղաժամ սև հող մըտցուցին.
Բանի որ ազգիս մեջ էի կենդան,
Ամեն մեկ քայլիս չի դըրի՞ք դարան։

   Այս էր փափագած ձեր վարժատունը,
Օր առաջ մոռցնող Հայի անունը,
55 Որի մեջ սորվող ամեն մի տըղա
Իր հայ եղածեն պիտի ամընչնա։