Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/168

Այս էջը հաստատված է

Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

   25 — Չէ՛, չէ, թեև դու գոռ դաշտին ես զարդ,
Բայց քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։

   Ու գընաց որդին մի երկիր օտար,
Հրեշք ու ցավերե մաքրեց այն աշխարհ,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
30 — Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

   — Օտար աշխարհի թեև եղար զարդ,
Բայց քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։

   Ու գընաց որդին...Հա՜, սարն էր գլորման...
Դեմ տրվեց ուսը, չը թողեց անկման...
35 Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

   — Դյուցազների մեջն էլ լինիս դու զարդ,
Բայց քա՜վ ինձ ասել քեզ համար մեծ մարդ։

   Ու գնաց որդին գըլխակոր, տըրտում,
40 Հոգին վըրդոված, ցավ ու դարդ սըրտում,
Մաշվում էր խեղճը, զոռ տալով խելքին՝
Հե՞ր չարժանացավ հոր գովասանքին...

   Նորա եղբայրը գերի էր տարած,
Թըշնամու ձեռքով տունը ավերած,
45 Ճիգ արավ, գլուխը վըտանգի ձըգեց...
Ազատեց եղբորն ու տունը կանգնեց...

   Հանկարծ... սար ու ձոր, ծով դըղըրդեցան,
Բյուրք բյուրոց բերնով գոչեց ազգ մարդկան.
«Մեծ Մարդու անուն դու ա՛ժմ ըստացար,
50 Եղբորդ հիշեցիր ու քեզ մոռացար»։