Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/217

Այս էջը հաստատված է

1888



ՄԻ՛ ԿԱՐԾԵՔ, ՈՐ ԵՍ...



   Մի՛ կարծեք որ ես սին փառքի համար,
Իմ հառաչանքով լըցրի հայ աշխարհ.
Այս հեգ ամբոխի ծափին ու գովքին
Կարոտ չէր բընավ իմ հըպարտ հոգին...

   5 Այո՛, իմ քնարի տըխուր ձայները
Ցընցեցին հայի հոգու լարերը,
Արյուն էլ ազնիվ սրտե քամեցին,
Կտրիճի աչքե քունը փախուցին։

   Ինչո՞ւ, չըգիտեմ։ Ասե՛ք, հե՞ր բարդ-բարդ
10 Բացվում է գարնան կարմիր, հոտոտ վարդ,
Լեռնիվայր ինչո՞ւ անուշ կարկաչով
Վազում է առուն դալարի միջով։

   Զեփյուռը ինչո՞ւ տերևե-տերև
Անցնելով, ասես, տալիս է բարև,
15 Ինչո՞ւ սոխակն էլ մոտ կանաչ թըփին
Անմըռունչ ձայնում է յուր մեղեդին...