Առաջին հատորի տեքստերը պատրաստելիս, որպես կանոն, հիմք է ընդունված հեղինակի կենդանության օրոք տպագրված վերջին ժողովածուն (Գամառ-Քաթիպայի «Բանաստեղծությունքը», 1881): Այս կանոնից շեղվել ենք, երբ ձեռքի տակ է եղել նույն երկի՝ հետագայում բարեփոխված ինքնագիրը։ Ինքնագրերի հիման վրա վերականգնված են գրաքննության կողմից կատարված կրճատումները, ինչպես և ուղղված են թույլ տրված աղճատումները։ Հիշյալ ժողովածուի մեջ տեղ չգտած և հետագայում գրված բանաստեղծությունների տեքստերը պատրաստված են՝ հիմք ունենալով հեղինակի կազմած մի քանի ինքնագիր ժողովածուները (№ № 1, 1ա, 22, 72, 74), ապա նաև Գր. Խալաթյանի խմբագրած երկհատորյակի առաջին հատորը, որի աշխատանքները սկսված են եղել դեռևս բանաստեղծի կենդանության օրոք և նրա ցուցումներով։
Այն սակավ դեպքերում, երբ երկը տպագրված է հեղինակի մահից հետո, իսկ ինքնագիրը չի պահպանված, հիմք է, ընդունվել հետմահու հրատարակությունը։ Առաջին անգամ տպագրվող երկերի տեքստերը պատրաստված են հեղինակային ինքնագրերի, բացառիկ դեպքերում նաև ըստ վստահելի ընդօրինակությունների, ինչպիսին է Գրականության և արվեստի թանգարանի Գ. Պատկանյանի ֆոնդում պահպանվող №157ա տետրը, որը հանդիսանում է Ռ. Պատկանյանի կազմած և 1856 թվականին հրատարակած «Ազգային երգարան հայոցի» ինքնագրի ոչ լրիվ ընդօրինակությունը։ Այստեղ Աշուղ Կարապետ ստորագրությամբ տեղ են գտել Ռ. Պատկանյանի մի շարք բանաստեղծությունները, այդ թվում «Արաքսի արտասունքը», որի ինքնագիրը մեզ չի հասել։ Հիշյալ տետրով ճշտված է մի շարք բանաստեղծությունների գրության ժամանակը։ Նույն ընդօրինակության միջոցով պարզվում է, որ մինչև վերջերս, թյուրիմացաբար, Ռ. Պատկանյանին վերագրված «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ» բանաստեղծության հեղինակը Գաբրիել Պատկանյանն Է։ Ի դեպ՝ դեռևս «Քնար հայկականում» այդ բանսստեղծությունը տպագրված է որպես Գ. Պատկանյանի հեղինակություն։ (ՔՀ, 1868, էջ 118—120)։
Ծանոթագրություններում բացահայտված են երկը գրելու ժամանակը, շարժառիթը և տպագրության պատմությունը, երկի մշակման պրոցեսը՝ տեքստային տարբերությունները։
Տեքստային տարբերությունները կազմելիս հաշվի են առնված հեղինակի բոլոր ինքնագրերը, նրա կենդանության օրոք հրատարակված ժողովածուները, մամուլում և երգարաններում տպագրված այն երկերը, որոնք տեքստաբանության տեսակետից արժեք են ներկայացնում։
Ուղղանկյուն փակագծերում՝ [ ] վերականգնված են հեղինակի ջնջած բառերը և տողերը։ Տեքստը պատրաստողների լրացումները առնված են սուր փակագծերի մեջ՝ < >: Տարբերությունները հիմնական տեքստից՝ ցույց է տրվում համապատասխան բառերի և տողերի ընդգծումով։