Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/40

Այս էջը հաստատված է

1855

ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ


Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։

5 Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։

Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
10 «Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին,
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Զատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։

Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
15 Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։

Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ—
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
20 Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.