Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։
25
Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունդ է Մորից...
Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո՛ւր դեպ հարավ,
30
Բյուր–բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըդ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։
Սիրե՛ ազգըդ ո՛չ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը.
35
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըդ բեր նորան զոհ
Ո՛չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։
Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր.
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
40
Հազար անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։
Թե դու հայ ես՝ գիտես արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, որ կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ։
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։
45
Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Դե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըդ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
50
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան.
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։