Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/53

Այս էջը հաստատված է
ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՆՔԸ

Նվեր Գևորգ Քանանյանին



   Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ։

   5 Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։

   — Արա՛քս, ինչո՞ւ ձըկանց հետ
10 Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած՝
Սըգավոր ես ինձ նըման։

   Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
15 Ինչո՞ւ արագ փաղչում ես
Այդ հարազատ ափերից։

   Մի՛ պըղտորիլ հատակրդ,
Հանդարտ հոսե՛ խայտալով,
Մանկությունը քու կարճ է՝
20 Շուտ կը հասնիս դեպի ծով։

   Վարդի թըփեր թո՛ղ բըսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ: