Քընե՛, քընե՛, իմ հայրենի՛ք,
Իմ կաթոգին Հայաստան,
Ես քեզ օր-օր կասեմ մեղմիկ,
Ո՝ր չըզարթիս անգուման։
5
Քանի՜ դարեր այդ խոր քունը
Քեզ կաշկանդել, կապել է,
Քնի սերմունք, ասես, Մորփեն
Լոկ քու վըրա թափել է։
Եվ ի՞նչ զարմանք. ազգ ու ազինք
10
Միշտ լավակամ քեզ համար,
Քունըդ վըրդովել չուզելով,
Օրորում են անդադար։
Տե՛ս ռուսը թուր ձեռը բռնած,
Մարդ չի՛ թողնում քեզի մոտ.
15
Թե մոտ եկան՝ դարձյալ չէ՛ փույթ,
Ունի շատ ռումբ, շատ վառոդ։
Որ աչքերըդ չի խըտտըղեն
Վառ շողերը արեգին՝
Անթափանցիկ ու մեծ ասպար
20
Ունի բըռնած իր ձեռքին։
Կամ թե անուշ քընիդ խափան
Չլինին նաև քու որդիք,
Ըսպառազեն պահապաններ
Նոցա վըրա կան հերիք։