Լուսադեմին աղբյուրի մոտ գընացի,
Սառը ջըրով ձեռքս, երեսըս լվացի,
Հանգստացա ծառի թավուտ ստվերումը.
Թըռչունները ճլվում էին վերումը.
5
Մինն նոցանից տըխուր, մընջիկ երգում էր,
Ու երգելիս մարդու ձենով ասում էր.
«Խեղճի՛կ Նազլու, քեզ բերել եմ սև համբավ,—
Այսուհետև քու քաղցր արևը կորավ.
Քու հերիկը արծաթասեր, քարեսիրտ,
10
Չի խնայելու անգին օրերը խեղճիդ.
Ծերուկ, կընճռոտ նա քեզ փեսա ընտրել է,
Քու փեսան քեզ հորեդ փողով գընել է»:
— Մերի՛կ, ինչե՞ր եմ ես լըսում, վա՜յ գըլխուս.—
«Աղջի՛կ, հորըդ գործըն է այդ, աչքի լուս»։
15
— Հերի՛կ, ղո՞րդ է, ի՜նչ լըսեցի. վա՞յ գըլխուս։—
«Թող աղբերըդ ղորդը ասե, աչքի լուս»։
Աղբե՛ր, ինչո՞ւ տալիս են ինձ ծերուկին։—
«Արծաթասեր մեր հոր գործն է, իմ անգին...
Քիսով ոսկին ջըհուդ ծերը տուն բերեց,
20
Անգին քըրոջ, ազիզ քըրոջ նա գերեց»։
— Մընա՛ք բարև, տուն, ազգական, հավիտյան,
Ոսկի օրըս սևցնելու է իմ փեսան.
Դուք երկնային ազատ թրռչունք մի՛ երգեք,
Անցած օրերս դուք ինձ հուշ մի բերեք.