Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/87

Այս էջը հաստատված է

Ուր ջըրում է երկինքը երկիրն զով ցողերով,
Ուր որ չի կա բորեաս, չիկա շիմուն ու խորշակ,
Օդը շունչ է հրեշտակի, ջուրը մեղր է անուշակ...
Հայաստանը կա՛... ավա՜ղ, խոպանացած, ամայի,
30 Եվ կըծաղկի, երբ նորից ծըծե քըրտինքը Հայի...
Նորա ստինքը համառ է, չի կերակրում օտարին,
Օտարն խաբված ասում է «շիջավ աստղը հայերին»։
Բայց ի՞նչ, դու չես հասկանալ իմ սըրտամաշ դարդերը.
Մի՛ ջանար, ինձ չեն սփոփիլ թըշիդ փայլուն վարդերը։

   35 Իմ տըրտմության ցավակից խանդաղակաթ գըրկելով,
Օտարուհին ինձ տվեց գավաթը լի գինիով.
Երկնակապույտ աչերը անթարթ աչերիս հառած,
Լաց ու ժըպիտ երեսին՝ նա մեղմ ձենով ինձ ասաց.
«Խըմե՛ գինի, պատանի, ի հիշատակ այն երկրին,
40 Որ սըրտամաշ կարոտով կոչում ես քու հայրենին.
Պարզե՛ ազնիվ ճակատըդ, զըվարթացի՚ր, ոգի առ,
Հուսակըտուր այդ դեմքով խըղճալի մի՛ ձևանար.
Ձյունաթաղ ու կիսամեռ դաշտքը գարնային շընչից
Չե՞ն ըսթափում և հառնում մահահանգույն խոր քընից.
45 Երբ ծագում է արևը՝ մըռայլը չի՞ հալածվում,
Մեռած բնությունն դեպի նոր կյանք նա չի՞ վերածում,
Դե՜հ, պատանի, քա՛ջ եղիր, խըմե՛ գինի, երգ երգե՛,
Տերն է որբոց օգնական, նա քու ազգըն էլ կըփըրկե»։


ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ ԵՐԳՈՒՄ է



Հայկ ու Լևոնին մոռանանք, եղբարք,
50 Թափ տանք մեզանից փոշին հընության,
Վերածնենք մեր մեջ նոր կյանք ու նոր բարք,
Կեցցե՛ շատ օրեր մանուկ-Հայաստան։

Կեցցե՛ շատ օրեր մանուկ-Հայաստան,
Նա, որ դեռ միայն մեր սըրտի խորքում
55 Ունի յուր հիմքը, ո՛չ տուն, ո՛չ կայան
Չունի տակավին բուն Հայաստանում։