Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/23

Այս էջը սրբագրված է

ամենքին, այն Ժամանակ որքան մի հասարակութիւն հարստանար, այնքան նրա ամէն մէկ անդամը կը հարստանար, որքան մի հասարակութիւն բարեկեցիկ լինէր, այնքան նրա ամէն մէկ անդամը գոհ կը լինէր: Ապահովելով իր ապրուստը սեփական աշխատանքով և ամէնքի աջակցութեամբ, մարդս իրեն շատ աւելի ազատ կը զգար, առանց կախումի, իբրև համայնքի և պետութեան հաւասար անդամ:

Ո՜րքան տաղանդներ կորչում են անյայտութեան մէջ զուր և անօգուտ, միայն նրա համար, որ միջոց չունեն իրենց բնատուր ընդունակութիւնները զարգացնելու յօգուտ ընդհանրութեան: Ուսում և գիտութիւն, արւեստ և գեղարւեստ ունևորին են միայն մատչելի։

Ո՜րքան ոյժեր կորչում են անհետ, որովհետե կեանքի դաժան պայմանները նրանց մղում են անյարմար միջավայրեր, ուր նրանք կատարում են գործեր, որոնց կոչումը չունին: Մարդ անհատը, որ սքանչելի ընդունակութիւններով օժտւած մի արարած է, ժամանակակից անարդար և անմիտ կարգերի մէջ անկարող է զարգացնել իր բոլոր բարձր ընդունակութիւնները և ոյժերը։ Նա այլասերւում և փչանում է կեանքի պղտոր և անողոք յորձանքում։

Մարդկանց մի մասը, շահագործելով աշխատաւոր ժողովուրդի լայնածաւալ զանգւածները, յղփանում է վայելքից և անգործութիւնից։ Ըստեղծւում են անբնական ճաշակներ, անվայել կիրքեր և ամօթաբեր հակումներ. ստորին կարգի բնազդները արտայայտւում են անսանձ և անարգել իրենց գարշելի մերկութեամբ և իջնելով վարի խաւերը, վարակում են ամէն առողջ մթնոլորտ: